ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նորածինների շրջանում ևս մեկ հիվանդության վաղ ախտորոշման համար պետական պատվերով այսուհետ կիրականացվի սքրինինգային հետազոտություն:
«Բնածին մակերիկամային հիպերպլազիայի կամ որ նույնն է` ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը թույլ կտա մինչև կլինիկական դրսևորումները հայտնաբերել հիվանդությունն ու կանխել դրա զարգացումը` խուսափելով մահվան ելքերից առավելապես տղաների շրջանում:
Այս սքրինինգը աղջիկների մոտ թույլ կտա կանխարգելել հիպոնատրիեմիան, որը, երկարաժամկետ կտրվածքով, հանգեցնում է մտավոր զարգացման հապաղման:
Բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշման և ժամանակին բուժման ու բարդացումների կանխարգելման համար մեր երկրում պետության կողմից իրականացվում էր 6 սքրինինգային ծրագիր, ԱԳՀ սքրինինգը արդեն 7-րդն է»,- ասված է հաղորդագրության մեջ: