Հայաստանն ինքնուրույն չի կարող որոշումներ ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հաստատել է Ուկրաինայի հարցով բանաձեւը, որով  ճանաչվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ Ղրիմի ինքնորոշման մարտի 16-ի հանրաքվեն գնահատվում ապօրինի:

Բանաձեւը ընդունվել է  ՄԱԿ-ի անդամ երկրների ձայների գերակշիռ մեծամասնությամբ. «կողմ» է քվեարկել  100,  «ձեռնպահ»` 58,  «դեմ»` 11 երկիր:  Ամենատխուրն այն է, որ Հայաստանը  վերջինների թվում է` բռնապետական Վենեսուելայի, Բելառուսի, Սուդանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Զիմբաբվեի, Կուբայի, Նիկարագուայի  եւ Բոիլվիայի շարքում:

Մինչդեռ հիշեցնենք, որ դրանից ընդամենը մեկ օր առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատությանը» փոխանցել էր ՀՀ  պաշտոնական մոտեցումն, ըստ որի` մեր երկիրը պետք է ձեռնպահ քվեարկեր  այդ բանաձեւին:  Բայց,  փաստորեն,  Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց, որ բացարձակապես թքած ունի Հայաստանի շահերի վրա, անգամ եթե խոսքը գնում է  մեզ համար գերցավոտ խնդրի մասին, որն ուղղակիորեն զուգադրվում է Ղարաբաղյան հակամարտության հարցին:

Ինչ խոսք, ռուսների նման մոտեցումն ամենեւին էլ նոր չէ, եւ առավել եւս` ոչ զարմանալի: Զարմանալին այն է, որ  ՀՀ ԱԳՆ-ն  այդպիսի հայտարարություն էր արել` առանց այն կանխավ  Կրեմլի հետ ճշտելու  եւ  վերջինիս «դաբրոն» ստանալու: Արդյոք  ձեռնպահ քվեարկելու մասին հայտարարություն անելով` ՀՀ ԱԳՆ-ն չէր սպասում ռուսական կողմի կոշտ ճնշումներին, որոնց  արդյունքում ՀՀ  պաշտոնական դիրքորոշումը մի քանի ժամվա մեջ կփոխվեր եւ ՀՀ  ողջ դիվանագիտական կորպուսը կհայտնվեր  ծիծաղելի վիճակում` հրապարակավ եւս մեկ անգամ ամրագրելով, որ Հայաստանում արտաքին գործերի նախարարություն, որպես այդպիսին, գոյություն չունի, եւ առհասարակ` Հայաստանը դադարել է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարող սուբյեկտ լինելուց:  Միանգամայն ադեկվատ գնահատելով ՀՀ արտգործնախարարության ղեկավարության  աշխատանքային կարողություններն ու հնարավորությունները, այդուհանդերձ` դժվար է հավատալ, որ դա այդպես է:

Առավել հավանական է այն, որ Տիգրան Բալայանի շուրթերով  ձեռնպահ քվեարկելու մասին հայտարարությունն անելով` հայկական կողմը ցանկացել է միջագային հանրությանը ցույց տալ, որ Հայաստանի իշխանություններն  Ուկրաինայի հարցում իրենց դիրքորոշումները հայտնելիս գտնվում են Ռուսաստանի   անհաղթահարելի ճնշումների ներքո, որոնց արդյունքում էլ այս բանաձեւին «ձեռնպահ» քվեարկելու որոշումը մի քանի ժամում  փոխվեց «դեմ»-ի:

Գուցե ստեղծված իրավիճակում դիվանագիտական նման հնարքն արդարացված է, սակայն ակնհայտ է, որ դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության հեղինակությունը հերթական անգամ նվաստացվեց:




Լրահոս