ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից անդամախեղում կատարելու նախնական իրավական գնահատականով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված ապացուցողական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի իրական հանգամանքները։
2023 թ. սեպտեմբերի 19-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Գեւորգյանը նույն հենակետի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով կատարել է անդամախեղում՝ աջ ոտքի շրջանում մեկ կրակոց արձակելով, որի հետեւանքով զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցվել են։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ն, 2023 թ. օգոստոսի 31-ից որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, մարտական դիրքում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված, ոտնաթաթն անզգուշությամբ տրորելու հարցի վերաբերյալ վիճաբանել է ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա.Գ.-ի հետ։
Այդ ընթացքում իր պարտականությունները կատարելու փոխարեն դրսեւորելով զինվորական պատվի հասկացողության եւ զինծառայողների արժանապատվության հետ անհամատեղելի վարքագիծ՝ Վ.Մ.-ն մարտական դիրքի զինաբուրգից վերցրել է նույն մարտական դիրքի ավագին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը, բացել է զենքի ապահովիչը, լիցքավորել այն եւ մենահատ մեկ կրակոց է արձակել դեպի օդ։ Ապա մեկ մենահատ կրակոց է արձակել Ա.Գ.-ի ուղղությամբ՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս։
Դեպքից անմիջապես հետո Վ.Մ.-ն լիցքաթափել է նշված ինքնաձիգը, փամփշտանոցից դուրս եկած փամփուշտ տեղադրել պահեստատուփի մեջ, իսկ պահեստատուփն ամրացրել ինքնաձիգին, որից հետո ինքնաձիգը տվել է Ա.Գ.-ին, որպեսզի վերջինիս մատնահետքերը մնան ինքնաձիգի վրա։ Այնուհետեւ Վ.Մ.-ն նետել է գետնին հայտնաբերված կրակված գնդակը եւ դիրքի անձնակազմին հորդորել, որպեսզի դեպքը ներկայացնեն այնպես, թե իբր Ա.Գ.-ն ինքն է պատահաբար կրակել իր ոտքին: Բացի այդ, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ն դիրքի անձնակազմից երկու զինծառայողի հանձնարարել է մաքրել Ա.Գ.-ի ոտքից թափված արյունը՝ դեպքի իրական հանգամանքները թաքցնելու համար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 519-րդ հոդվածի 1-ին մասով եւ 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Վերջինս կալանավորվել է։
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար։
ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՊԱՏՄՈՒՄ Է
Արմավիրի բանտում 5 օր (խմբ.) հացադուլի մեջ գտնվող Արամ Սաֆարյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ իրավիճակ է բանտում եւ ինչ է կատարվում կալանավորների ու դատապարտյալների շրջանում:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Արմավիրի բանտում մի խումբ դատապարտյալներ 30 օրից ավելի է՝ գտնվում են հացադուլի մեջ։
Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ նրանց մեկուսացրել են բանտի կարանտինային մասնաշենքի 1-ին խցում։ Հացադուլ հայտարարած դատապարտյալներն են՝ Սաֆարյան Արամ Վարուժանի, Թադեւոսյան Արման Հակոբի, Բավցյան Բախշի Ռուբիկի, Նազարյան Գեղամ։
Ավելին՝ հացադուլ անողներից մեկի վիճակը, ըստ դատապարտյալների, ծանր է. նրան պատշաճ բուժօգնություն չեն տրամադրում, հարցին լուծում չեն տալիս եւ տեղյակ չեն պահում համապատասխան մարդկանց նրանց հացադուլի վերաբերյալ, շատ վատ են վերաբերվում ու հնարավորություն չեն տալիս խնդիրն իրավասու մարմիններին հայտնել։
ArmLur.am-ը դիմեց քրեակատարողական ծառայություն, որտեղից քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց. «ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 8-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ եւ 2 դատապարտյալ։
Կալանավորված անձանցից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 9-ից, մյուսը՝ սեպտեմբերի 6-ից։ Նրանք անհամաձայնություն ունեն իրենց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի առնչությամբ:
Դատապարտյալներից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 16-ից։ Պատճառն այն է, որ թույլ չի տրվել նրա տեղափոխումը մասնավոր բժշկական կենտրոն՝ առանց հատուկ ցուցման առկայության։ Մյուս դատապարտյալը հացադուլ է հայտարարել սեպտեմբերի 5-ից, ցանկանում է տեղափոխվել ավելի ցածր անվտանգային գոտի։
Հացադուլ հայտարարածների հետ պարբերաբար տարվում են բացատրական եւ խորհրդատվական աշխատանքներ հացադուլի բացասական հետեւանքների, իրենց կողմից ներկայացված հարցերը համապատասխան իրավական ընթացակարգերով լուծելու վերաբերյալ։ Նշված ազատազրկված անձինք քրեակատարողական հիմնարկին որեւէ դիմում` ուղղված այլ մարմնի, չեն ներկայացրել։ Դիմումներ ներկայացնելու դեպքում՝ քրեակատարողական հիմնարկը դրանք կուղարկի համապատասխան մարմիններին»։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՐԱԿՈՑ՝ ԳՅՈՒՂՈՒՄ
Մեկ օր առաջ «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոնից ահազանգ է եղել, որ կրակոցի հետեւանքով «աջ աչքի եղջերաթաղանթի բարդ թափանցող վնասվածք, հիֆեմա, հեմոֆթալմ» ախտորոշմամբ իրենց է դիմել Գ. Ա.-ն, որի վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։
Դեպքին ընթացք են տվել իրավապահներն ու պարզել, որ Սարանիստ գյուղի սարերում Գ. Ա.-ն իր ընկեր Ս.Մ.- ի հետ որս կատարելիս է եղել, Ս. Մ.-ին պատկանող «ՏՕԶ-66» տիպի որսորդական հրացանը պատահաբար ձեռքից վայր է ընկել, որից հետո կրակոց է արձակվել վերջինիս ուղղությամբ, ինչի արդյունքում Գ. Ա. վնասվածք է ստացել։
ՈՎՔԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՈՂՆԵՐԸ
Սեպտեմբերի 4-ին Երեւանում՝ Աշտարակի խճուղում գործող San Marco լողավազանի տարածքից Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջն առեւանգողները նրա ամուսնուց պահանջել են 100 հազար դոլար:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ամերիկահայ բիզնեսմենի կնոջն առեւանգողը նրա ընկերն է, որը Քանաքեռ-Զեյթունում հայտնի է «քանաքեռցի Վաչո» անունով: Սեպտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով առեւանգում էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող SAN MARCO լողավազանի մոտ 2 հոգի, ովքեր եղել էին Ազգային անվտանգության տարբերանշան ունեցող հագուստով, մոտեցել էին Երեւանի բնակչուհի 55-ամյա Լուսինե Մ.-ին, ներկայացել որպես ԱԱԾ աշխատակիցներ եւ նրան BMW մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել անհայտ ուղղությամբ։ SHAMSHYAN.com-ը հայտնել է, որ առեւանգված կնոջը Տավուշի մարզի գյուղերից մեկում են գտել, իսկ առեւանգողներին՝ «Զվարթնոց» օդանավակայանից:
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ առեւանգված 55-ամյա Լուսինե Մ.-ի վրա որեւէ հետք չի եղել։ Առեւանգված կնոջ ամուսնու ընկերը նրան պահել է անհայտ վայրում ու փող է պահանջել, որը բիզնեսմենը չի կարողացել գտնել։ Արդյունքում իրավապահներն են բացահայտել դեպքը:
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել։ Այս մասին ArmLur.am-ին հայտնի դարձավ հակակոռուպցիոն դատարանից։ Դատարանը հրապարակել է վերդիկտը։ Մասնավորապես, հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, հրապարակել է ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ մյուսների գործով վերդիկտը, համաձայն որի՝ մեղադրյալներ Վիգեն Գրիգորյանը, Արտակ Բեյբությանը, Վիգեն Մկրտչյանը, Արթուր Օհանյանը եւ Հրաչյա Երեմյանը մեղավոր են ճանաչվել առաջադրված մեղադրանքներում։ Արա Յաղջյանն արդարացվել է, Աշոտ Հակոբյանը հոդվածներից մեկով արդարացվել է, մի մասով՝ դատարանը մեղադրանքը վերաորակել է։ Նա մեղավոր է ճանաչվել խարդախություն կատարելու համար, որը տեղի է ունեցել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով եւ խոշոր չափերով։ Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքի դրվագներից մեկը՝ խոշոր չափերով կաշառք ստանալը (երկու դրվագ) վերաորակվել է ՀՀ ՔՕ 255-րդ հոդվածով՝ խարդախությամբ։ Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորույունները չարաշահելու, խարդախության եւ կաշառք ստանալու մեղադրանքներով։ Պատժի հարցին դատարանը կանդրադառնա լրացուցիչ դատալսումների փուլում։ Լրացուցիչ դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին։