Ազգային ժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ կատարվող փոփոխությունն առավելապես տեխնիկական բնույթի է:
Նախարարը պարզաբանել է, որ նախագծով կարգավորվելու է այն քաղաքացիների անընդհատ ուսումնառությունը, որոնք սովորում են դպրոցներում կամ հիմնական կրթության հիմքով կրթությունը շարունակում են արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում:
«Այս կարգավորման պարագայում մենք հնարավորություն կունենանք այդ քաղաքացիներին տարկետում տալ մեկ անգամ` մինչեւ իրենց ուսումնառության ավարտի օրը ներառյալ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին` ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 20 տարին լրանալու օրը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ կատարվող փոփոխությունը հեշտացնելու է բազմաթիվ քաղաքացիների կյանքը՝ էապես կրճատելով նաեւ պետական մարմինների վարչարարությունը:
Ըստ հիմնավորման` ներկայացված կարգավորման արդյունքում ամբողջովին կկրճատվի փաստաթղթաշրջանառության բարդ եւ ծավալուն ընթացակարգը, կբացառվեն տեխնիկական եւ այլ վրիպակները, կբարձրանա տարկետման տրամադրման գործընթացի կազմակերպման արդյունավետությունը:
Պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ կան քաղաքացիներ, որոնց 18 տարին լրացել է, սակայն նրանք դեռեւս սովորում են դպրոցում կամ քոլեջում: Տարեկան մոտ 1000 նման դեպք է լինում, երբ տարկետման տրամադրման կամ երկարաձգման անհրաժեշտություն է առաջանում: Նախարարը նաեւ պարզաբանել է` կարգավորումը չի վերաբերելու այն քաղաքացիներին, որոնք 9-րդ դասարանն ավարտելուց հետո անմիջապես չեն շարունակում կրթությունը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը:
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2023 թվականի ստեղծագործությունների մրցույթ գրականություն, հայագիտություն, կերպարվեստ (գունանկար, քանդակ, գրաֆիկա), դեկորատիվ-կիրառական արվեստ, Վահան Թեքեյանին նվիրված աշխատության համար անվանակարգերում. այս մասին հաղորդագրություն է տարածել Թեքեյան մշակութային միությունը։
Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական պարգեւ` 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մրցույթին կարող են մասնակցել արվեստագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։
Մրցույթին մասնակցել ցանկացողները www.armtmm.com կայքում պետք է սեպտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը (ներառյալ) լրացնեն մասնակցության հայտ՝ ներկայացնելով 2023 թվականին իրենց հեղինակած աշխատանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն կամ դիմեն ՀԹՄՄ գրասենյակ։ Սխալ կամ թերի լրացված հայտերը չեն դիտարկվի։
«Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ, ամեն օր` բացի շաբաթ եւ կիրակի օրերից` ժամը 11:00-16:00-ն (հասցե` Երեւան, Խանջյան 50, 2-րդ հարկ, հեռ.` 010-55 26 32, 010-57 02 83)»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԴԱՍԱԿԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻԱԽԱՌՆՈՒՄ
Երեւանյան հանդիսատեսը Վիվալդիի գլուխգործոց «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը վայելել է օրիգինալ լարային կազմով, նորարարական լուծումներով ու DJ ռեմիքսով։
Vivaldi DJ խորագրով համերգը բացառիկ է, քանի որ հեղինակներն օգտվել են Վիվալդիի «Տարվա եղանակների» օրիգինալ պարտիտուրայից եւ տոնայնության հետ կապված առհասարակ ոչ մի փոփոխություն չի կատարվել։
Երաժշտական հետաքրքիր համադրությունը՝ լուսային եւ գունային էֆեկտների կիրառմամբ, հանդիսատեսին պարգեւեց վառ ու հիշարժան զգացողություններ։ Այս համադրությունը մեկ դահլիճում էր համախմբել տարբեր սերունդների եւ նախասիրությունների մարդկանց։
«Նյու Ջեներեյշն» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Նարեկ Գասպարյանը նշել է՝ նախագծի նպատակը դասական ու սիրված ստեղծագործության միախառնումն է գերժամանակակից տեխնոլոգիաների հետ: Նա ընդգծել է՝ այս նոր մոտեցումը կսիրվի ինչպես արդեն փորձառու մասնագետների, այնպես էլ դասական արվեստին ոչ այդքան մոտ հանդիսատեսի կողմից։ «Նյու Ջեներեյշն Փրոջեքթ»-ի գործադիր տնօրեն Շմավոն Գրիգորյանը նշել է, որ այս մտահղացումը իրենց թիմի մոտ առաջացել էր դեռ նախորդ տարվանից։ «Մենք միշտ փորձում ենք կյանքի կոչել տարբերվող եւ ինքնատիպ նախագծեր։ Ու այս նախագիծը եւս տեսակով բացառիկ է, քանի որ թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում սա լինելու է առաջին անգամ: Մեզ հաջողվել է համախմբել տաղանդավոր ստեղծագործողների եւ արդյունքը միանշանակ գոհացնելու է մեր հանդիսատեսին։ Եվ սա եւս մեկ առիթ է երիտասարդներին ավելի մոտեցնելու դասական արվեստին. նաեւ կուզենամ նշել, որ արդեն իսկ տարվում են բանակցություններ Vivaldi DJ նախագիծը մի շարք երկրներում ներկայացնելու վերաբերյալ»,- ասել է Գրիգորյանը։ Beatbox հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանն (DJ BeatMan) էլ ընդգծել է՝ Vivaldi DJ նախագիծը աննախադեպ է, այն երաժշտական աշխարհի տարբեր բեւեռների համադրություն է։ Երաժիշտը նշել է, որ իր համար իսկապես մեծ պատասխանատվություն է եղել Անտոնիո Վիվալդիի նման հանճարեղ կոմպոզիտորի երաժշտությունը մշակել ժամանակակից երաժշտական տենդենցներին համապատասխան՝ իհարկե, պահպանելով մեղեդին սկզբնական տեսքով: Ըստ նրա՝ ամբողջ թիմին հաջողվել է կատարել պատշաճ աշխատանք ե՛ւ դասական արվեստի, ե՛ւ նորարարական լուծումների կիրառման տեսանկյունից։ Նախագիծն ունի շարունակական բնույթ, առաջիկայում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում նախատեսվում են VIVALDI DJ, Aram Khachaturian DJ, Arno Babajayan DJ, Mozart DJ եւ այլ նախագծեր:
ՏԱՓՕՂԱԿՈՎ ՀՈԿԵՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) գլխավոր քարտուղարի տեղակալ, մրցաշարերի անցկացման բաժնի ղեկավար Հանես Էդերերին՝ քննարկելու Հայաստանում 2025 թվականին տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի անցկացման հնարավորությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը:
Հանես Էդերերը Հայաստան է ժամանել մարզական ենթակառուցվածքների, հյուրանոցային պայմանների գնահատման եւ կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով:
Հայաստանի հավաքականը 2025 թվականին կմասնակցի Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնին, որը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 12-20-ը: Առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի եւ Ուզբեկստանի հավաքականները: Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է 2010 թվականին անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է միջազգային ֆեդերացիայի ներկայացուցչին ու ներկայացրել վերջին տարիներին Հայաստանում մարզաձեւի զարգացման միտումները, անդրադարձել ՀՀ կառավարության՝ միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականությանը: Հանես Էդերերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ողջունել ՀՀ թիմի վերադարձն աշխարհի առաջնություն՝ նշելով, որ գնահատելի է նաեւ Հայաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու ցանկությունը:
Տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանն ընդգծել է՝ տեւական դադարից հետո արդեն երրորդ տարին է՝ անցկացվում է Հայաստանի տափօղակով հոկեյի առաջնությունը, ինչը կարեւոր պահանջ է միջազգային ֆեդերացիայի կողմից: Հայաստանի հավաքականը տեւական ընդմիջումից հետո ելույթները վերսկսել է այս տարվա փետրվարին անցկացված «Երեւանյան գիշերներ» միջազգային մրցաշարում: Երեւանի «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում 4 թիմերի մասնակցությամբ կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակներ է տարել ռուսական «Օլիմպ», «Արեւային արջեր» եւ «Ռոսպրեսա» թիմերի նկատմամբ եւ ճանաչվել մրցաշարի հաղթող։
«Մեծ ջանքեր գործադրեցինք, ինչի արդյունքում Հայաստանը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացավ»,- ասել է Վահրամ Սարգսյանը:
Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց, «Գազպրոմ Արմենիայի» ոււսումնասպորտային համալիր՝ ծանոթանալու ենթակառուցվածքային պայմաններին: