Գնաճը նվազել է, բայց ռիսկերը մեծացել են թե՛ արտաքին, թե՛ ներքին միջավայրից. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Արդեն մի քանի ամիս է, ինչ վիճակագրական ծառայությունը Հայաստանում արձանագրում է գնաճի տեմպի նվազում։ Դա Կենտրոնական բանկին թույլ էր տվել ասելու, որ կհաջողվի այս տարի գնաճը պահել 4 տոկոսի սահմաններում։

Նման լավատեսությունը հիմնված էր ինչպես միջազգային շուկաներից, այնպես էլ ներքին տնտեսությունից թելադրված միտումների վրա։ Բայց վերջին շրջանում այստեղ տեղի են ունենում գործընթացներ, որոնք էապես փոխել են սպասումները։ Գնաճային ռիսկերը մեծացել են թե՛ արտաքին, թե՛ ներքին միջավայրից։

Տեւական ժամանակ միջազգային շուկաներում հիմնականում գնաճային դրսեւորումներ չէին նկատվում։ Ավելին, պարենային որոշ ապրանքների գները նվազում էին։ Չնայած դա ոչ միշտ էր արտահայտվում ներքին շուկայի գնային իրավիճակի վրա, այնուհանդերձ զսպում էր գնաճը։ Դա էր պատճառը, որ Կենտրոնական բանկը բավական ժամանակ գնաճային ռիսկեր չէր արձանագրում արտաքին հատվածից։

Վերջին շրջանում, սակայն, վիճակը փոխվել է։ Ավելացել են միջազգային շուկաներից եւ համաշխարհային տնտեսությունից թելադրված գնաճային սպասումները։ Դրանք կապված են առաջին հերթին Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումների հետ։ Կիրառվող ֆինանսական ու տնտեսական սահմանափակումները մեծացրել են անորոշությունները։
Իրավիճակը բարդացել է նրանով, որ վերջին օրերին զգալիորեն ավելացել են նաեւ ներքին տնտեսությունից փոխանցվող գնաճային ռիսկերը։ Եթե արտաքինի դեպքում դրանք որոշակի անորոշություններ դեռեւս պարունակում են, ապա ներքինի դեպքում միանգամայն իրական են դարձել։ Ռիսկերը կապված են բնակլիմայական պայմանների հետ։ Վերջին օրերի ցրտահարությունների հետեւանքով գյուղատնտեսությունը լուրջ կորուստներ ունեցավ։ Միայն ծիրանի վնասը գնահատվում է 20-25 մլն դոլարի չափով։

Հաշվի առնելով գյուղատնտեսության դերը գնաճի ձեւավորման գործում, ցրտահարությունները զգալիորեն մեծացրել են գնաճային ճնշումները։ Դա արդեն նկատվում է հատկապես բանջարեղենի շուկայում։ Մթերքների դեպքում այն ավելի առարկայական կարտահայտվի մայիս-հունիս ամիսներին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 




Լրահոս