«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանին դատարանը ծանուցում է ուղարկել, որպեսզի վերջինս ներկայանա` ցուցմունք տալու։ Իսկ ինչ քրեական գործով են նրան դատարան կանչում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը Երեւան քաղաքի դատարանում է, եւ այն քննելու է դատավոր Արման Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել, եւ անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում:
Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով, ձերբակալվեց 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան եւ թոռնուհուն) նույն օրը, իրենց կամքին հակառակ, տեղափոխել էին ոստիկանության Զեյթունի բաժին եւ պահել մինչեւ առավոտյան 07։00-ն։ Ալբերտ պապիկի բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկվել էր խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։
Արդյունքում, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու հիմքով, Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար. նրա նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։ ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել գործով նախաքննության ավարտ հայտարարել ու գործը ուղարկել է դատարան»։ Եվ ահա, գործով վկաներից մեկը Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանն է, որին էլ կանչել են դատարան։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել: Եվրոպամետ ուժերը վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որքան էլ իբրեւ եվրոպամետ է դիրքավորվել, ԱԺ-ում մերժելու է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի իրենց նախագիծը. ուստի արտախորհրդարանականներն արդեն իսկ պատրաստվում են «պլան Բ»-ի եւ մտադիր են օրենքի պահանջով 60 օրում 300 հազար ստորագրություն հավաքել, որի դեպքում արդեն, երկրորդ փուլով, նախագիծը ինքնաբերաբար, օրենքի ուժով կդրվի հանրաքվեի: «Իշխանությունները չէին թաքցնում իրենց դժգոհությունը: Նրանք մեր այս նախաձեռնությունը համարում էին արկածախնդրություն, «ազգային ազատագրական պայքար», չգիտես ինչու՝ հեգնանքով: Այնպես որ, ես չգիտեմ՝ որքանով է անհամաձայնության այդ տեսակետը պաշտոնական, բայց այն կիսում են ՔՊ անդամ պատգամավորները: Մենք 60.000 քաղաքացիների քվեները ջուրը չենք գցի: Ի սկզբանե նշել էինք, որ մինչեւ վերջ գնալու ենք մեր նպատակին հասնելու համար, եւ եթե մերժվի, 300 հազար ստորագրություն էլ կհավաքենք», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Խզմալյանը: Նշենք, որ ԵՄ անդամակցության հանրաքվեի պահանջով հավաքված 60 հազար ստորագրություններն արդեն ԿԸՀ-ում են: Արտախորհրդարանական ուժերը մտադիր են արդեն նոյեմբերի վերջին նախաձեռնությունը ԱԺ տանել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մեկը մյուսի հետեւից երկարեցնում է իշխանության յուրացման գործով կալանավորվածների կալանքի ժամկետը, բայց աշխատանքի արդյունավետությունը չի երեւում: Երեկ դատարանը 2 ամսով երկարեցրել է արցախցի Արմեն Մնացականյանի կալանքի ժամկետը։ Փաստաբան Ռոման Երիցյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ դատարանը հայցը մասնակի է բավարարել ու թույլ է տվել, որ միայն մերձավոր հարազատները տեսակցեն Արմեն Մնացականյանին։ Մյուսների համար տեսակցությունները փակ են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետի հարցն է քննվելու դատարանում: Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ դարձյալ կալանքի ժամկետը երկարեցնելու համար: Մնում է՝ դատարանը որոշում կայացնի. կա՛մ նրա կալանքի ժամկետը երկարեցնում է, կա՛մ ազատ արձակում ԱԱԾ մեկուսարանից: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
«Ռենջերներ»-ից էկոպարեկներ եւ վայրի բնության պահապաններ դարձածները միլիոնավոր նոր ծախսեր են առաջացրել պետական բյուջեի համար։
«Ժողովուրդ» օրաթերթը 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ելույթից տեղեկացավ, որ միայն Էկոպարեկային ծառայության հիմնադրումը շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 38%-ով ավելացրել է։ Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ՝ գրեթե 147 հազար դոլար, սակայն էկոպարեկային ծառայությունը, որը պետք է առնվազն Սյունիքի մարզում գործեր ամբողջ ծավալով, այս տարեվերջին դեռ չի գործի. ժամկետները հետաձգվել են մինչեւ գալիք տարվա փետրվարի 26-ը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել էր ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը։ Ամբողջությամբ չներդրված ծառայության ծառայողական համազգեստի համար պետական բյուջեից հատկացվել է 35 մլն 837 հազար դրամ՝ 90 հազար դոլար։
Հիշեցնենք, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է մեկ տարի առաջ, ուժի մեջ մտել այս տարի, իսկ օրենքից բխող իրավական ակտերը պետք է ընդունվեին վեցամսյա ժամկետում։ Սակայն մինչ օրս ծառայությունը չունի համապատասխան աշխատողներ ու տեխնիկա։ Էկոպարեկների մրցույթն էլ միայն օրերս՝ նոյեմբերի սկզբին է հայտարարվել։
Նկատենք, որ թեեւ թիմ ու ռեսուրս չունի նորաստեղծ մարմինը, բայց արդեն համազգեստներ են գնվել, պաշտպանիչ միջոցներ, օրինակ՝ էլեկտրաշոկ, լապտեր եւ այլն։ Ով պետք է կիրառի՝ դեռ պարզ չէ: Բացի այս գնումներից՝ հոկտեմբերի սկզբին գործադիրը 509.5 մլն դրամ՝ 1 մլն 313 հազար դոլար հատկացրեց էկոպարեկների համար 22 նոր ավտոմեքենաներ գնելու համար։ Ստացվում է, որ պարեկային ծառայությունից զատ, ՀՀ պետական բյուջեն մսխվում է նաեւ Էկոպարեկային ծառայության վրա, եւ այդ դեպքում վատ կազմակերպչական աշխատանքների ու նախանշված ժամկետները խախտելու թիվ մեկ պատասխանատուն Հակոբ Սիմիդյանն է:
Սիմիդյանը, փոխարենը, շատ ակտիվ է քրեական եւ կոռուպցիոն պատմություններում, որոնց մասին մամուլը գրում է:
Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտի կառուցման՝ 50 մլն դրամ ավելի թանկ գնով շահած մրցույթի փոխկապակցվածությունը քիչ էր, մոտ մեկ ամիս առաջ էլ «Օրագիր.news»-ը գրեց, որ փորձել են առեւանգել Ավան վարչական շրջանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանին: Նրան փորձել են ուժով նստեցնել ավտոմեքենա, ինչը չի հաջողվել. խուլիգանություն կատարող անձինք նախկին փոխթաղապետին ծեծի են ենթարկել, այնուհետեւ ծեծել են նրա տարեց մորն ու ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ անչափահաս երեխաներին։ Բռնարար ՔՊ-ականներին զայրացրել էր Ներսես Պողոսյանի գրառումը, որը եղել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մասին։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «հեղափոխական իշխանությունների» մասին: