SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվետվողականության մասով, կարծում եմ՝ պետք է ակնհայտ լինի, որ կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես, թե այնպես քննարկվում են, բայց պարտադիր չէ, որ այդ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով վերջին շրջանում եղած պաշտոնանկությունների մասին։

«Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված: Նաեւ ուզում եմ ասել, որ այդ կադրային փոփոխությունները իրենց բնույթով ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային»,-ասաց նա:

Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականին՝ Փաշինյանը նշել է, որ վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք։

«Խնդրել նշանակում է կա երկու ելք՝ խնդրանքը կատարել և չկատարել։ Ես որպես ՀՀ վարչապետ ու կառավարող կուսակցության վարչության նախագահ պատասխանատվություն ունեմ դատական համակարգի նկատմամբ։ Ինչպե՞ս իրացնեմ այդ պատասխանատվությունը։ Մարդկանց ընկալումն այդպիսին է, որ արդարության ու անկախ դատական համակարգի խնդիր կա։ Եթե մարդկանց հարցնենք, թե ով է պատասխանատուն, իմ անունն են տալու»,- նշել է Փաշինյանը։

Փաշինյանը նաև նշեց, որ SMS` գրավոր տեքստով է հայտնել պաշտոնյաներին պաշտոնից ազատվելու խնդրանքի մասին։

«Բանավոր խոսակցությունները կարող են շատ տարընթերցումների ու մեկնաբանությունների տեղիք տալ։ Գրավոր խոսակցությունն ավելի արդյունավետ է։ Սա միանձնյա որոշում էր, քանի որ վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 




Լրահոս