Քանի՞ թոշակառու կա ՀՀ-ում և որքա՞ն է կենսաթոշակի միջին չափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է այն թեմային, որ թոշակառուները մշտապես բողոքում են իրենց ստացած թոշակի չափից, քանի որ այն չի բավարարում հավուր պատշաճի ապրելու համար։

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե տարեվերջի դրությամբ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում քանի թոշակառու է եղել և ինչքա՞ն է եղել կենսաթոշակի միջին չափը։

Այսպիսով, մայրաքաղաք Երևանում տարեվերջի դրությամբ եղել է 178.002 թոշակառու, Արագածոտնի մարզում՝ 19.117 թոշակառու, Արարատի մարզում՝ 36.973 թոշակառու, Արմավիրի մարզում՝ 35.787 թոշակառու, Գեղարքունիքի մարզում՝ 31.184 թոշակառու, Լոռու մարզում՝ 42.646 թոշակառու, Կոտայքի մարզում՝ 40.666 թոշակառու, Շիրակի մարզում՝ 38.870 թոշակառու, Սյունիքի մարզում՝ 23.119 թոշակառու, Վայոց ձորի մարզում՝ 9.503 թոշակառու, Տավուշի մարզում՝ 19.966 թոշակառու։

Նայելով ներկայացված թվերին նկատելի է, որ թոշակառուներն ամենաշատը մայրաքաղաք Երևանում են, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորի մարզում։ Հարց է առաջանում, թե ինչու են Վայոց ձորում թոշակառուները քիչ։ Բանն այն է, որ ՀՀ գյուղային բնակչության կյանքի միջին տևողությունը կազմում է 77 տարեկանը, կանանց մոտ՝ 80 տարեկանը, իսկ տղամարդկանց մոտ 74 տարեկանը։ Մայրաքաղաքում բնակչության կյանքի միջին տևողությունը կազմում է 77 տարեկանը, կանանց մոտ՝ 81 տարեկանը, իսկ տղամարդկանց մոտ՝ 73 տարեկանը։

Ինչ վերաբերում է կենսաթոշակի չափին, ապա մայրաքաղաք Երևանում կենսաթոշակի միջին չափը 52.436 դրամն է, Արագածոտնի մարզում՝ 47.523 դրամը, Արարատի մարզում՝ 46.634 դրամը, Արմավիրի մարզում՝ 46.620 դրամը, Գեղարքունիքի մարզում՝ 47.296 դրամը, Լոռու մարզում՝ 47.830 դրամը, Կոտայքի մարզում՝ 47.814 դրամը, Շիրակի մարզում՝ 48.283 դրամը, Սյունիքի մարզում՝ 51.846 դրամը, Վայոց ձորի մարզում՝ 48.780 դրամը, Տավուշի մարզում՝ 48.629 դրամը։

Կրկին անգամ ակնհայտ է, որ կենսաթոշակի միջին չափն ամենաշատը մայրաքաղաքում է, իսկ ամենաքիչը՝ Արմավիրի մարզում։

Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակման տվյալները 2023 թվականի են։

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ArmLur.am-ին էլ փոխանցել էին, որ եկող 2025 թվականին թոշակի բարձրացում չի լինելու, եկող տարվա բյուջեով նախատեսված չէ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս