Ու ժողովուրդը կգնա նրա հետևից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գուսան Հայկազունին հանդիպեցինք Գառնիի տաճարում` Վահագնի ծննդյան օրը: Եվ հենց տաճարի մոտակայքում ընկած քարերին նստած էլ զրուցեցինք: Նախ հարցրեցինք, թե պատահակա՞ն էր նրա` հենց այդ օրը տաճարում գտնվելը:

-Պատահական չէր. արդեն երևի մի տասնհինգ տարի մասնակցում եմ մեր բոլոր ազգային տոներին. Վահագնի ծնունդին, որը նաև որպես Նոր տարի նշում ենք Գառնիում, Զատկին` Մեծամորում, Տրընդեզին` Կարմիր Բլուրում: Եվ շատ ուրախ եմ, որ արորդիների և մասնակիցների թիվն է շատացել:

 -Դուք արորդի՞ եք:

 -Այո: Որպես Գուսան Հայկազուն` ես Հայկի ժառանգն եմ ու համարում եմ, որ իմ ու բոլոր հայերիս մեջ Հայկի արյունն է հոսում: Մեր ժողովուրդը շատ է հեռացել իր արմատներից, և մեզ նման տոնախմբություններ, միջոցառումներ շատ են պետք: Մեր ազգին ամենաշատը ոգին է պակասում. տեսեք` ցեղասպանություն ենք ասում, ասում, ասում, բայց դրա պատճառը միայն մեր ազգային ոգու պակասն էր, չկար, կորել էր այդ ոգին: Հակառակ դեպքում այդքան ժողովուրդը քարով ու փայտով կպաշտպանվեր. ինչն էր շատ` քարն ու փայտը մեր երկրում: Եվ նման միջոցառումները տանում են մեզ դեպի մեր արմատները, վերադարձնում ազգային ոգին:

 -Եղե՞լ է, որ նման միջոցառման ազդեցության տակ անմիջապես ստեղծագործել եք:

-Եթե անձի մասին է լինում իմ երգը, կերպարը պետք է ինձ մոտ լավ ստեղծվի, եթե հայրենասիրության թեմայի շուրջ է, ուրեմն պետք է այդ թեման հասունանա իմ մեջ: Իսկ դրան, իհարկե, նպաստում են նման միջոցառումները: Հենց այս միջոցառման ժամանակ պահանջատիրության հետ կապված շատ հետաքրքիր բաներ մտքովս անցան, որոնք վաղը երգի մեջ անպայման օգտագործելու եմ:

 -Շատ լարված միջազգային իրավիճակ է, մենք պատրա՞ստ ենք դիմակայել հնարավոր մարտահրավերներին, մեր իշխանություններն ինչ-որ քայլեր անո՞ւմ են ազգային, հայրենասիրական ոգին արթնացնելու ուղղությամբ:

-Իշխանության կողմից, ցավոք, որևէ քայլ չի արվում: Անհրաժեշտ է ազգային մտածելակերպ ներարկել ժողովրդին: Ազգային մտածելակերպ, նպատակ, ծրագիր պետք է ունենա մեր ամենամեծը` երկրի ղեկավարը, նրա ստորադասները և ամբողջ ժողովուրդը: Կան ժողովուրդներ, որոնք երկիր էլ չեն ունեցել ու չունեն, բայց չեն կորչում, պահպանում են իրենց լեզուն, ավանդույթները:

Օրինակ` որտեղ եզդիներն ապրում են, ունենում են իրենց կրոնատեղը, խոսում են իրենց լեզվով, պահպանում ավանդույթները: Սարի վրա էլ տանես-գցես, եզդին մնալու է եզդի, այսինքն` ժողովուրդը չի կորչում, և նրանք մի օր համախմբվելու են, հայրենիք էլ են ունենալու, պետություն էլ: Մենք ինչքան շատացել, հետո տասնյակ անգամ փոքրացել, փոքրացել ենք:

Մի քանի ամիս առաջ համերգներով Եվրոպայում էի և նկատեցի, որ սփյուռքահայերի երկրորդ սերունդն արդեն հայերեն չգիտի, տանը երեխաների հետ հայերեն չեն խոսում: Շատ մեծ խնդիր են խառն ամուսնությունները: Նախկինում հայը պարտադիր հայի հետ էր ամուսնանում, հետո եկավ մի պահ, երբ ասում էին` ոչինչ, թող հայ չլինի, կարևորը քրիստոնյա լինելն է:

Այսինքն` հայը կարող է ամուսնանալ և ամուսնանում է քրիստոնյա արաբի կամ մեկ այլ ազգի ներկայացուցչի հետ: Դա արդեն ընդունելի, սովորական երևույթ է դարձել, ինչը շատ ահավոր է: Մենք ունեցել ենք Արտաշես թագավոր, Տիգրան Մեծ, Պապ թագավոր, նվիրյալներ ենք ունեցել, ովքեր զոհվել են հանուն երկրի, հանուն ժողովրդի, զորքի առաջից են գնացել: Այսօր մեզ այդպիսի ղեկավար է պետք:

 -Այսինքն` ոչ թե Սասունցի Դավիթ, որ ամեն ինչ մենակ անի (ինչին սպասում են շատերը), այլ` ղեկավար, որի ետևից կգնա՞ն:

-Այո: Լավ ղեկավար, ով ձեռքը կխփի ու կասի` ժողովուրդ, այսպես է պետք: Ու ժողովուրդը կգնա նրա հետևից:

 -Ասացիք, որ եզդիները դարեր շարունակ պահպանում են իրենց լեզուն, ավանդույթները, բայց մենք էլ ենք դարեր շարունակ պահպանել այդ ամենը: Ընդ որում, միշտ էլ դրանում կարևորվել է հայ եկեղեցու դերը:

-Դրսում ազգը պահպանող երկու կառույց կա` կուսակցությունները և եկեղեցին: Առաջիններն այսօր թուլացել են, պառակտվել, և մնացել է միայն եկեղեցին, որի պատերից գոնե հայրենիքի հոտ են առել ու հավաքվել:

Ռուսլան Թաթոյան




Լրահոս