Ապրիլի 5-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցան հաշմանդամ կանանց գեղեցկության «Միսս Հայք 2014» 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը:
Ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակցուհի Քրիստինե Փիրուզյանը, իսկ «Միսս համակրանք» տիտղոսին արժանացավ Գոհար Նավասարդյանը, ով նույնպես աշխատում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում:
Մրցույթը կազմակերպվել էր «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ղեկավար Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում նշեց.
– Այս մրցույթն իր նշանակությամբ ավելին է, քան սովորական գեղեցկության մրցույթ: Այն կոտրում է հանրության կարծրատիպերը հաշմանդամության վերաբերյալ, հորդորելով մեր հայրենակիցներին տեսնել հաշմանդամ կնոջ մեջ ոչ թե խնդիրները, այլ` կանացիությունն և գեղեցկությունը: Մրցույթն ունի ևս մեկ նպատակ` հաշմանդամություն ունեցող կանանց մեջ սերմանել հասարակության լիիրավ անդամ լինելու գաղափարը, և խրախուսել նրանց ապրել ակտիվ, լիարժեք կյանքով:
Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 16-18 տարեկան 58 գեղեցկուհի Երևանից և ՀՀ մարզերից: Ժյուրիի կազմում ընդգրկված էին հաղորդավար Հրաչ Մուրադյանը, դերասան Վարշամ Գևորգյանը, քանդակագործ Դավիթ Մինասյանը և լուսանկարիչ Վիգեն Մնոյանը:
«Ունիսոն» ՀԿ ղեկավար Ա. Ալավերդյանն ընդգծեց, որ մրցույթն այս տարի անցել է նոր ձևաչափով: Նախորդ տարիներին ընտրություն էր արվում մասնակիցների լուսանկարների հիման վրա, իսկ այս տարի լուսանկարների օգնությամբ ընտրություն էր արվել միայն 1-ին փուլում, իսկ եզրափակիչ փուլում ժյուրին հնարավորություն ունեցավ մասնակիցներին գնահատել արդեն բեմում:
Շնորհավորում ենք մեր գործընկերուհիներին և մաղթում նորանոր հաջողություններ:
ԱԻՆ