Ազատության հրապարակում արցախցիների տեղադրած վրանները շարունակում են կանգուն մնալ իրենց տեղում։ ArmLur.am-ը Ազատության հրապարակում զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։
-Տիկի՛ն Հակոբյան, արցախցիները ազատության հրապարակում վրաններ են տեղադրել, պահանջում են չոտնահարել իրենց իրավունքները, եւ, կարծեք թե, արցախցիները Նիկոլ Փաշինյանի համար մեծ վտանգ են ներկայացնում 2026 թվականի ընտրություններին։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Դա ընդամենը մի դրվագն է այն անհանգստությունների, որ այս իշխանություններն ունեն արցախցիների հանդեպ, քանի որ գլոբալ առումով նրանք «պարտավորություններ» ունեն մեզ համար թշնամի, իրենց համար՝ բարեկամ երկիր Ադրբեջանի իշխանությունների առջեւ, այն է՝ չկա արցախցի, չկա Արցախ եւ հետեւաբար չկա որեւէ բան, որ պետք է խանգարի իրենց այս կեղծ, սուտ ու դատարկ օրակարգի՝ Խաղաղության պայմանագրի ընթացքին։ Իհարկե Ադրբեջանն այստեղ լրիվ այլ նպատակով է օգտագործում, սրանք՝ այլ, բայց հասկանալի է, որ մենք առաջին հերթին անըմբռնելի ենք դարձնում թե՛ Հայաստանի հայրենակիցների, թե՛ դրսի մարդկանց համար այս խաղաղության օրակարգ ասվածը։ Կան 160 հազար հայեր, (ի դեպ, ես միշտ այդքան եմ շեշտում, քանի որ 2020 թվականին նույնպես մեր հայրենակիցներից շատերը տեղափոխվել են), որոնք զենքի ուժի, վտանգի ուժի ներքո բռնի տեղահանվել են եւ չեն կարողանում ապրել իրենց բնօրրանում, իրենց բնակարաններում ու տներում, հետեւաբար չի կարող ուղղակի հայտարարվել խաղաղության օրակարգի մասին։ Առնվազն 160 հազար մարդ իր առջեւ նպատակ ունի վերադառնալ իր տուն։ Իսկ իրենց խաղաղության օրակարգի մեջ դա նախատեսված չէ, հակառակը՝ բացառված է։ Մենք զարմանում կամ մտածում ենք, թե ինչու իրենք գերիների եւ պատանդառված մարդկանց առնչությամբ աշխատանք չեն տանում, կամ լսում ենք՝ տանում են, բայց «զգույշ» են տանում։ Սա եւս եզրույթ է, որը խանգարում է իրենց կեղծ օրակարգին։ Եթե մի երկիր ունի գերիներ ու պատանդառված մարդիկ, որոնք այսօր կեղծ մեղադրանքներով, աբսուրդ դատավարությունների մեղադրյալներ են, ինչն ուղիղ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար, ապա ինչ խաղաղության համաձայնագրի մասին է խոսքը։ Այսինքն, սրանք խնդիրներ են, որոնք այս իշխանության առջեւ դրված են ու պետք է լուծվեն։ Այստեղ գերխնդիրն արցախցու չլինելն է։ Չկա արցախցի, հետեւաբար չկան դրանից բխող բոլոր հետեւանքները։
-Տիկի՛ն Հակոբյան, ասում են, որ կրկին մեծ հանրահավաք է լինելու։ Ի՞նչ սպասել։
-Բնական է, որ մարտի 29-ի հայտարարությունից հետո արցախցիները դիտարկում էին պատասխանի երկու տարբերակ՝ այո, կամ ոչ. կարեւորը՝ ժողովրդի մեջ կա գիտակցումը, որ այս ամենը քաղաքական պրոցես է։
-Այսինքն էյֆորիան անցե՞լ է։
-Միանշանակ անցել է. շատ շատերի համար նույնիսկ հանրահավաքի օրը կար այդ գիտակցումը, որ սա քաղաքական գործընթաց է, եւ այս իշխանությունների քաղաքականությունը հենց արցախցիների դեմ է։ Հետեւաբար չես կարող այլ գործիքակազմ կիրառել։
Արցախցիները գիտակցաբար հասկանում են, որ մենք չունենք այլընտրանք, եւ այս իշխանությունները վարձված են արցախցիներին ոչնչացնելու համար։
Հիմա ուղղակի պետք է այնպես անել, որ չլինեն նման իշխանություններ, այլ գան նոր ուժեր, որոնց համար արցախցիների հարցը կլինի օրակարգային։
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ադրբեջանի օմբուդսմենը կրկին մեղադրել է Հայաստանին՝ ականազերծմանը խոչընդոտելու համար։ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիեւան կոչ է արել գլոբալ գործողություններ ձեռնարկել ընդդեմ Հայաստանի: «Միջազգային իրավունքի համաձայն՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկելը մնում է միջազգային համապատասխան մարմինների կարեւոր պարտավորությունը: Դիտավորյալ ականների տեղադրումը մարդու իրավունքների կոպիտ խախտում է եւ լրջորեն խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վերականգնմանը», – նշել է նա։
Օմբուդսմեն Ալիեւան կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել ականազերծման ջանքերի հրատապությունը, աջակցել Ադրբեջանի ականազերծման ընթացիկ գործողություններին եւ պատասխանատվության ենթարկել Հայաստանին ականների դիտավորյալ եւ համատարած տեղադրման համար: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ականազերծման նախազգուշացման եւ ականազերծման աջակցության միջազգային օրվա կապակցությամբ Envoy ամսագրին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտնել էր, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված ականների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս։
Իսկ հինգշաբթի օրը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան կլոր սեղան-քննարկման ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարար Սամիր Փոլադովը ընդգծել էր, որ մարդասիրական ականազերծման համար բյուջեի մոտավորապես 5%-ը ստացվել է միջազգային դոնորներից, իսկ մնացած մասը՝ Ադրբեջանի սեփական միջոցներից։
Նրա խոսքով, «թեեւ Հայաստանի քարտեզները ցույց են տալիս Ադրբեջանի տարածքներում մոտ 400 հազար ականների տեղակայում, սակայն իրական թիվը մոտ 1,5 միլիոն է»։
«Հայաստանի այս մոտեցումն ականների վտանգի համատեքստում եւս մեկ քայլ է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում խաղաղության եւ վստահության ամրապնդման միջոցառումների ուղղությամբ։ Այս առումով, մենք կարծում ենք, որ հրամայական է, որ միջազգային հանրությունը հետեւողական գործողություններ ձեռնարկի Հայաստանի կողմից բխող ականների սպառնալիքը դատապարտելու համար, եւ մենք ակնկալում ենք, որ Երեւանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռ ամբողջությամբ չեն փոխանցվել Ադրբեջանին։ Հրամայական է, որ Հայաստանը տրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները՝ ապահովելու ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը եւ տուժած շրջանների վերակառուցումը»,- եզրափակեց նա։
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ



















































































