ԴԻԱԿՆԵՐ ՋՐՎԵԺՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ժամը 10:50-ին Ջրվեժի «Երեք խնձոր» հյուրանոցառեստորանային համալիրի առաջին համարում երկու դիակ է հայտնաբերվել: Նույն օրը Ջրվեժում հայտնաբերվել է եւս մեկ դիակ, այս անգամ` «Բանավան» թաղամասի ամառանոցին հարակից տնակում:  
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ անհայտ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որի հետքերով մեկնած օպերատիվ խումբը նշված հյուրանոցառեստորանային համալիրի առաջին համարում հայտնաբերել է 25-28 տարեկան տղամարդու եւ կնոջ դիակներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով`  տղամարդն ու կինը թունավորվել են շմոլ գազից:
Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները դեռեւս պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Նույն օրը` ժամը 13:30-ին, կրկին անհայտ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի «Բանավան» թաղամասի ամառանոցային հատվածում` Փառանձեմ Մանուկի Գալստյանին պատկանող ամառանոցի մոտ գտնվող տնակում, տղամարդու դիակ կա:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ մեկնած օպերատիվ խումբը նշված ամառանոցի այգու մետաղյա տնակում` մահճակալի վրա, հայտնաբերել է մոտ 40-45 տարեկան տղամարդու դիակ:
Ըստ հարեւանների`  այդ հատվածում գտնված տղամարդը թափառաշրջիկ է, անունն էլ Արամ: Տեղեկացանք, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են: Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս