Armenian text to speach

Քննարկվում է Ֆոն Դեր Լայենի հեռացման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում այսօր քննարկել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի նկատմամբ անվստահության քվեի հարցը՝ COVID-19 պատվաստանյութերի գնման գործընթացում կոռուպցիոն մեղադրանքների հիման վրա:

Քննարկմանը ներկա կլինեն ինչպես Ֆոն Դեր Լայենը, այնպես էլ Եվրահանձնաժողովի բոլոր անդամները:

Հիշեցնենք, որ անվստահության քվեի հարցը բարձրացրել է ռումինացի եվրոպատգամավոր Գեորգե Պիպերիան: Նախաձեռնությանն աջակցել են 74 պատգամավորներ, որոնցից 31-ը պատկանում են «Եվրոպական պահպանողականներ եւ բարեփոխիչներ» (ECR) խմբավորմանը: Պիպերիան մեղադրում է Ֆոն Դեր Լայենին եւ Եվրահանձնաժողովին համավարակի ընթացքում թափանցիկության բացակայության եւ ոչ պատշաճ կառավարման մեջ:

Սակայն անվստահության քվեի ընդունման հավանականությունը խիստ ցածր է: Եվրախորհրդարանի առաջատար խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որի անդամ է նաեւ Եվրահանձնաժողովի նախագահը, արդեն հայտարարել է Ֆոն Դեր Լայենին աջակցելու մասին: Նրան աջակցություն են խոստացել նաեւ լիբերալները եւ սոցիալիստները:

Politico պարբերականի գնահատմամբ, թեեւ քվեարկությունը խորհրդանշական բնույթ է կրում, այն «ընդգծում է Բրյուսելում նրա հանդեպ աճող զայրույթը՝ հակասական գործողությունների եւ սկանդալների շարքից հետո»: Անվստահության քվեի ընդունման դեպքում հրաժարական կտա ողջ Եվրահանձնաժողովը, եւ կսկսվի նոր 27 եվրոհանձնակատարների նշանակման բարդ գործընթացը:

Եվրամիության պատմության մեջ արդեն եղել է Եվրահանձնաժողովի ամբողջական կազմի հրաժարականի նախադեպ՝ կոռուպցիոն մեղադրանքների պատճառով: 1999 թվականի մարտի 15-ին հրաժարական տվեց լյուքսեմբուրգցի Ժակ Սանտերի գլխավորած հանձնաժողովը:

Անի Վարդանյան




Լրահոս