ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք սերիալների բացասական ազդեցությանը, բայց ցավոք, դրանից առանձնապես բան չի փոխվում: Երգչուհի ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆԻ հետ զրույցում հասկացանք, որ նա այդքան էլ դեմ չէ սերիալներին, իսկ ԱՐՓԻՆԵ ԲԵԿՋԱՆՅԱՆԸ պնդեց, որ իրենց տանն աշխատում են ոչ միայն սերիալ, այլեւ նույնիսկ հայկական հեռուստաալիք չնայել:

ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆ
-Ես հեռուստացույց նայում եմ, բայց սերիալ` ոչ, ժամանակ չունեմ: Եթե մեկ-մեկ ուզում եմ անջատվել, կարող եմ նայել, չնայած լուրջ չեմ վերաբերվում: Չեմ կարող հիմա որեւէ սերիալի անուն տալ, քանի որ պարբերաբար ոչ մեկին էլ չեմ հետեւում:
-Չե՞ք կարծում, որ սերիալների մեջ դաստիարակչական ոչինչ չկա:
-Դա արդեն հեռուստաընկերությունների խնդիրն է, նրանք պետք է մտածեն: Ես կողմ կամ դեմ լինել չեմ կարող, որովհետեւ այդ երեւույթը վաղուց է ստեղծվել Բրազիլիայում: Մարդկության ամեն մի ժամանակաշրջան ունի իր ձեւը: Եթե առաջ ֆիլմերն ունենում էին 1 կամ 2 սերիա, այսօրվա ֆիլմի ձեւը սերիալն է: Այլ հարց է` որակով է, թե ոչ: Եթե լավ դերասաններ են խաղում, ինչո՞ւ ոչ, կարելի է դիտել:
Ես դեմ եմ միայն այն սերիալներին, որոնք դաժանություն են քարոզում: Չեմ կարծում, որ սերիալները խանգարում են մարդկանց, հակառակ դեպքում մարդիկ պարզապես չէին նայի:
-Իսկ ինչպե՞ս կարող է, օրինակ, երեխան նախապես իմանալ` տվյալ սերիալը դաժանություն քարոզում է, թե ոչ:  
-Բայց ինչո՞ւ պետք է երեխան սերիալ նայի: Նա պետք է զբաղվի իր ուսման հարցերով: Ծնողը պետք է թույլ չտա, որ երեխան նստի հեռուստացույցի դիմաց ու ժամանակը սպանի` սերիալ դիտելով: Ի վերջո, այսօր այնքան հետաքրքրություններ կան երեխաների համար, ամբողջ օրն ինտերնետից են կպած: Եթե ծնողը չի հետեւում, ու երեխան սերիալ է դիտում, այս պարագայում արդեն ծնողին պետք է մեղադրել, ոչ թե հեռուստատեսությանը: Շատ եմ շրջագայում ու դրսում լավ ընկերներ ունեմ, որոնք իրենց տանն ընդհանրապես հեռուստացույց չեն միացնում: Երեխաներին արգելված է նայել: Մեր պարապությունից է, որ կանայք սերիալ են նայում: Մեծ մասը չի աշխատում: Նման սերիալներն էլ ստեղծվում են այն կանանց համար, որոնք չունեն ինտելեկտ, եւ հասկանալու համար ոչ մի խորիմաստություն չի պահանջվում:

ԱՐՓԻՆԵ ԲԵԿՋԱՆՅԱՆ
-Ի՞նչ սերիալ դիտելու մասին է խոսքը, եթե մենք նույնիսկ հեռուստացույց չենք ուզում միացնել տանը: Մեր հեռուստացույցը երեկոյան է միանում, երբ բոլորը տուն են գալիս: Իսկ ողջ օրվա ընթացքում, երբ ես տանն եմ լինում, երբեք գործ անելիս չեմ միացնի  հեռուստացույց, բայց մեծ սիրով կլսեմ երաժշտություն:
Բացարձակապես սերիալ չեմ նայում: Պատահել է, որ գիշերվա ժամին, երբ ամուսնուս հետ ընթրել ենք կամ զրուցել, պահի տակ աչքովս ընկել է մեր լավ ընկերոջ` Միհրան Ծառուկյանի մասնակցությամբ սերիալը, նույնիսկ անունը չգիտեմ, որ ասեմ:  Մի քանի ակնթարթ դիտել  եմ, այն էլ մեր ընկերոջ համար:
-Լավ, իսկ հեռուստատեսությանն ինչո՞ւ չեք հետեւում:
-Հիմնականում բան չկա նայելու: Ինձ այդ ծրագրերն ընդհանրապես չեն հետաքրքրում: Երբ միացնում ես, սերիալ է, կամ եթե երաժշտական ծրագիր է, կրկին նույն դեմքերն են: Համենայնդեպս, իմ պարագայում հետաքրքրությունը կորել է հայկական հեռուստատեսության հանդեպ: Բոլոր ալիքներով միապաղաղություն է:
-Ըստ Ձեզ, ի՞նչ է պակասում հայկական հեռուստատեսությանը:
-Մեր տանը շատ հաճախ միացված էր լինում «Հայրենիք» հեռուստաալիքը: Իմ երեխաները մեծ հաճույքով դիտում էին բոլոր մանկական ծրագրերը: Ու ես նրանց չէի արգելում,  վախենալու բան չկար: Հիմա այդ ալիքը չկա: Պետությանն արդյո՞ք հետաքրքրում է իր աճող սերունդը: Այնպես փակեցին այդ ալիքը, կարծես քաղաքական վտանգավոր ալիք լիներ: Առաջին հերթին հենց դա պետք է մնար: Այսօր ոչ մի մշակութային նորմալ ալիք չունենք: Հիմար սերիալներով լցրել են եթերը: Նույնիսկ չգիտեմ, թե որ ալիքով են մուլտեր ցույց տալիս, ստիպված ամբողջ օրն ինտերնետի դիմացն ենք: Մուլտերը դնում եմ, որ երեխաները նայեն:
Միանշանակ կասեմ, որ սերիալները հիպնոսացնում են, չնայած ուրախ եմ, որ թատրոնի շատ դերասաններ ընդգրկվում են սերիալներում, կարողանում են գումար վաստակել: Մեր պետության խնդիրն է, որ մշակույթն անուշադրության է մատնված, ամենավերջին տեղում է: Իրական արվեստ չեն քարոզում:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս