Armenian text to speach

Թենեսիում տղամարդը ձերբակալության ժամանակ փորձել է պայթեցնել ոստիկաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամերիկյան Թենեսի նահանգում ոստիկանության աշխատակիցները 54-ամյա Քևին Ուեյդ Օ’Նիլի տանը հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի մի ամբողջ զինանոց, հաղորդում է Sky News-ը։

Գործողությունն իրականացվել է Չաթանուգայից մոտ 70 կմ արևելք գտնվող Օլդ Ֆորտ բնակավայրում, հայտնում է Փոլկ շրջանի շերիֆի գրասենյակը։

Ոստիկանները Օ’Նիլի տուն են ժամանել ձերբակալման օրդերով, այն բանից հետո, երբ նա, ենթադրաբար, սպառնալիքներ է հնչեցրել իշխանության մարմինների և իրավապահների հասցեին։

Տղամարդուն ձերբակալել են ննջասենյակներից մեկում, սակայն սպաների ուշադրությունը գրավել է սենյակում «ինչ-որ ծխացող բան»։ Հետագա զննությամբ պարզվել է, որ դա ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել։ Տունն անմիջապես տարհանվել է, և կանչվել են սակրավորներ։

Ամբողջական ստուգումից հետո մասնագետները տանը հայտնաբերել են 14 ինքնաշեն պայթուցիկ սարք, որոնցից և ոչ մեկը, բարեբախտաբար, չի պայթել։

Քևին Օ’Նիլին ներկայացվել են ծանր մեղադրանքներ.

Առաջին աստիճանի սպանության փորձի 11 դրվագ, որոնք համապատասխանում են ենթադրյալ պայթեցման փորձի պահին տանը գտնվող ինը սպաներին և երկու քաղաքացիական անձանց։

Արգելված զենք պահելու 14 դրվագ։

Պայթուցիկ նյութեր պատրաստելու համար բաղադրիչներ պահելու 1 դրվագ։

Այժմ Օ’Նիլը գտնվում է կալանքի տակ։ Իրավապահները շարունակում են հետաքննությունը՝ պարզելու, թե արդյոք կասկածյալն ունեցել է հանցակիցներ և որքանով է նա մոտեցել իր սպառնալիքների իրականացմանը։

Ոստիկանության ներկայացուցիչներն ընդգծել են, որ օպերատիվ և համակարգված աշխատանքի շնորհիվ հաջողվել է կանխել ողբերգությունը և խուսափել մարդկային զոհերից։




Լրահոս