Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ստեղծված «Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով – Ս. Փարաջանով» ֆիլմն առաջին անգամ փառատոնային ձևաչափով կցուցադրվի նաև ԱՄՆ–ում։
Հայ-ֆրանսիական համատեղ արտադրությամբ նկարահանված «Բումերանգ Մեդիա.ամ» ընկերության ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Նյու Ջերսիի միջազգային կինոփառատոնի ընթացքում, որից հետո՝ սեպտեմբերի 20–ին, կցուցադրվի Սիեթլի կինոփառատոնում՝ հատուկ ծրագրով։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի 81-րդ կինոփառատոնի շրջանակում, այնուհետև ցուցադրվել է Բելգիայի Գենտի, Արգենտինայի Մար դել Պլատայի և այլ հեղինակավոր կինոփառատոներում։
Ֆիլմի պրոդյուսերներն են Անի Որսկանյանը («ԱՎԱ Ֆիլմս»), Զառա Ջյանը («Բումերանգ Մեդիա․ամ»)։ Ֆիլմի ֆրանսիական կողմի համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը:
Ֆիլմերի ցուցադրություններից բացի՝ Սիեթլի ծրագրի շրջանակում նախատեսված են այլ միջոցառումներ ևս, այդ թվում՝ համերգ հայ երաժիշտների մասնակցությամբ, ցուցահանդես՝ նվիրված հայկական արվեստին, ինչպես նաև Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական մոտիվները ներկայացնող թեմատիկ անկյուն։
«Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով-Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի (իրավանախորդ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն), Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) և Ֆրանսիական Cine+ կազմակերպության աջակցությամբ:





























