ԱՅՍՕՐ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ն Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես 23 տարի շարունակ, այս անգամ եւս աղետի գոտու բնակիչները նամակներ են պատրաստել, որպեսզի հանձնեն ամեն տարի դեկտեմբերի 7-ին քաղաք ժամանող բարձրաստիճան պաշտոնյաներին:
Նամակների բովանդակությունը տարբեր է, բայց հիմնականում գերակշռում են բնակարանային խնդրանքները: Մարդիկ, ովքեր դեռ տնակներում են, ամեն անգամ առիթը բաց չեն թողնում այդ մասին հիշեցնելու երկրի նախագահին: Ռոզա Հովհաննիսյանը հարազատներին եւ  բնակարանը կորցրել է երկրաշարժի ժամանակ:  Կինը տարիներ շարունակ սպասել ու երազել է` գոնե սեփական անկյունն ունենալ եւ այնտեղ անցկացնել ծերության տարիները, սակայն հարցն անընդհատ ձգձգվել է: «Էգուց գնալու եմ, որ օգնություն խնդրեմ, նամակիս մեջ ամեն ինչ գրել եմ, որ կարդան` կհասկանան: Էլ չեմ կարող էս պայմաններում ապրել: Տնակս անտանելի վիճակում է, սրա-նրա տանն էլ տեղ չունեմ: Էգուց նամակս կուդամ անձամբ Սերժ Սարգսյանին»,-ասում է  կինը:
Այս տարի, սակայն, Սերժ Սարգսյանը չի այցելի  աղետի գոտի: Հայտնի է, որ նա կմեկնի Մարսել, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Թե ինչու Սերժ Սարգսյանը չի գա աղետի գոտի նաեւ այս տարի, դժվար չէ կռահելը: Բնակարանի սպասող անօթեւանները նրան հաստատ «լավ տրամադրությամբ» չէին դիմավորի: Սերժ Սարգսյանը չկատարեց իր նախընտրական խոստումը, եւ բնակբաշխումն անորոշ ժամանակով եւ ոչ հիմնավոր պատճառաբանություններով հետաձգվեց: Դեռեւս ամիսներ առաջ հայտարարվում էր, որ նորակառույց բնակարանները շահագործման կհանձնվեն դեկտեմբերին, սակայն պլանները փոխվեցին, եւ այդպես էլ պարզ չդարձավ` ինչո՞ւ անակնկալ կերպով բնակբաշխումը հետաձգվեց: Ոմանք կասկածներ ունեն, որ սա ընդամենը նախընտրական մանիպուլյացիա է: Ասել է թե` ՀՀԿ-ն հաջորդ տարի` մարտ-ապրիլ ամիսներին, կփորձի իր նախընտրական քարոզարշավի ժամանակ շահարկել այդ  1756 բնակարանների հանգամանքը: Հետո էլ մեծ շուքով դրանք կհանձնեն բնակարանների շահառուներին` ակնկալելով ստանալ նրանց վստահության քվեն:
Իսկ այսօր մայրաքաղաքից ժամանած պաշտոնյաները, ինչպես միշտ, ծաղկեպսակ կդնեն երկրաշարժի զոհերի հուշարձանին, այնուհետեւ Ամասիայում կմասնակցեն հիվանդանոցի եւ համայնքային կենտրոնի բացման արարողությանն ու  կհեռանան: Բայց այդ ընթացքում «պատասխանատու» լրատվամիջոցներին կհասցնեն պատմել, որ Գյումրին զարգանում է, գեղեցկանում, վերականգնում իր արդյունաբերական փառքը եւ էլի նման բաներ: Ու թերեւս մատնացույց կանեն երկրաշարժի զոհերի հուշարձանին եւ դեռեւս կիսակառույց սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն նայող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցային շքեղ համալիրը, որը պատկանում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Հավանաբար հենց դա կհամարվի Գյումրու զարգացման վկայականը:
Այնինչ անօթեւանների առաջարկն ու ցանկությունը միշտ մեկն է եղել` դեկտեմբերի 7-ին պաշտոնյաները գոնե խորհրդանշական շրջեն ոչ թե «Վարդանանց» հրապարակում եւ զմայլվեն նորակառույց հյուրանոցի չափից ավելի շքեղ տեսքով,  այլ մտնեն հարեւանությամբ գտնվող տնակային աղքատ թաղամաս եւ  թակեն անօթեւաններից մեկի բնակարանի դուռը: Միակ պաշտոնյան, ով, մեր իշխանությունների կամքին հակառակ, տարիներ առաջ եղավ Գյումրու տնակային բանավաններից մեկում, Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն էր: Մտնելով մի քանի տնակ` նա զարմանքով արձանագրեց. «Սա մարդու իրավունքների բացարձակ ոտնահարում է: Ինչպե՞ս կարող են մարդիկ տարիներ շարունակ ապրել այս տնակներում` մկների եւ առնետների հարեւանությամբ, առանց կոմունալ տարրական պայմանների»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս