Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում գործող Սուրբ Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ), կարգալույծ հռչակվելուց հետո, չի ընդունում Մայր Աթոռի որոշումը եւ հրաժարվում է Սուրբ Հովհաննավանքի բանալիները հանձնել վանքում հոգեւոր ծառայության կարգված Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին եւ Տեր Սարգիս քահանա Սարգսյանին։
Հոկտեմբերի 26-ին` Խաչի Գյուտի տոնի օրը, Սուրբ Հովհաննավանքում կեղծ պատարագ մատուցվեց կարգալույծ եղած քահանայի ձեռամբ։ Կարգալույծ քահանային, որն այսուհետեւ կոչվում է ավազանի անունով Ստեփան Ասատրյան, աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանը եւ մասնակցեց պատարագին։ Նրա հետ պատարագին մասնակցեցին ու Ստեփան Ասատրյանին իրենց աջակցությունը հայտնեցին ՔՊ-ական պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, մարզպետներ ու համայնքապետեր, պետական հիմնարկներում աշխատող անձինք, կարգալույծ քահանայի աջակիցներ։ Բացի նրանից, որ պատարագը կեղծ քահանան մատուցեց, Հովհաննավանքում խախտվեց նաեւ պատարագի կարգը։
Նախ՝ պատարագը գործող եկեղեցիներում մատուցվում է առավոտյան ժամը 10։00-ին, սակայն Ստեփան Ասատրյանը սպասեց այնքան, մինչեւ որ Նիկոլ Փաշինյանը Երեւանից Հովհաննավանք հասավ։
Երկրորդ՝ վանքի զանգերը պետք է 30 րոպե առաջ ղողանջեն` մինչեւ քահանայի` խորան բարձրանալը։ Դրան զուգահեռ քահանան սկսում է պատրաստվել պատարագին. հագնում է իր սքեմը, փորուրարը, գոտին, թաշկինակը, շուրջառը, գնդաձեւ սաղավարտը եւ ծիսակատարողական այլ հագուստները։ Քահանայի այս պատրաստվելն էլ հենց պատարագի սկիզբն է համարվում, մինչդեռ կիրակի Սուրբ Հովհաննավանքում կարգալույծ քահանան վաղ առավոտից, հագած-կապած, եկեղեցում սպասում էր Նիկոլ Փաշինյանի ժամանմանը։
Նիկոլ Փաշինյանի գալուն պես՝ հնչեցին ե՛ւ վանքի զանգերը, ե՛ւ սկսվեց պատարագը։
ArmLur.am-ի այն հարցին, թե ինչու է պատարագը ուշացվել՝ Տեր Տարոն քահանա Հունանյանը պատասխանեց՝ «Աստծուն աղոթելու համար ժամը կարեւո՞ր է»։
Նշենք, որ անվտանգության աշխատակիցները, կարգված ու օծված Հոգեշնորհ Հայր Շնորհք աբեղա Պալոյանին, թույլ չտվեցին անգամ մոտենալ Սուրբ Հովհաննավանքին: Պատարագի ժամանակ քաղաքացիներից մեկը հայտարարել էր, որ Ստեփան Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել։ Անվտանգության աշխատակիցները նրան բավականին կոպիտ ձեւով, բերանը փակելով` դուրս հանեցին վանքից։ Սուրբ Հաղորդության ժամանակ մեկ այլ քաղաքացի Ստեփան Ասատրյանից վերցրեց Սուրբ Գիրքը՝ կրկին հիշեցնելով, որ ինքը չի կարող պատարագ մատուցել։ Անվտանգության աշխատակիցները այս քաղաքացուն եւս դուրս հանեցին վանքից։
Նշենք, որ պատարագի ավարտից հետո կարգալույծ քահանայի հետ ոչ եկեղեցական, հասարակ քաղաքացիները ազատ մտնում-դուրս էին գալիս եկեղեցու ավանդատուն, ինչը խիստ անթույլատրելի է։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ



















































































