Նախկինում դատված գյումրեցի 33-ամյա Գոռ Պոլեյանը մարդաշատ վայրում կրակել և սպանել է ավտոմեքենայի ղեկին նստած Արսեն Գալստյանին:
Armlur.am-ին հայտնի տեղեկությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 3-ին Երևանի Ռոստովյան և Երկաթուղայինների 9-րդ փողոցների հատման վայրում գործող հացի արտադրամասի մոտ:
Նշենք նաև, որ Պոլեյանն ապօրինի կերպով է ձեռք բերել և իր մոտ պահել հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակը, որով կրակել է Արսեն Գալստյանի ուղղությամբ:
Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ կրակոցի հետևանքով Գալստյանը ձախ ծոծրակային շրջանում ստացել է հրազենային վնասվածք և մահացել:
Պոլեյանի մասով քրեական գործն այս պահին գտնվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթում: Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Պոլեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 6 կետի և 235 հոդված 1 մասի չափանիշներով:
Պոլեյանի շահերը դատարանում ներկայացնում է ՀՀ Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Թադևոս Առաքելյանը:
Խափանման միջոց է նշանակվել կալանավորումը:
Տաթև Հարությունյան