Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Շենիկ գյուղում լարված է, հսկում են․ 2,5 տարվա կռիվն ու վենդետան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Շենիկ գյուղում կրքերը դեռ չեն հանդարտվում, գյուղում լարված վիճակ է: Ինչու իրավապահները ժամանակին չգործեցին ու 2,5 տարի առաջվա կռիվը վերածվեց սպանության:

Քրեական ու համայնքային ոստիկանները կանխել են հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից։ Ապրիլի 7-ին ահա այսպիսի պաշտոնական հաղորդագրություն տարածեց ՆԳՆ-ն:

Ըստ հաղորդագրության ժամը 16․14-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 48-ամյա մի բնակիչ, որը մահացել է։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, ըստ նախնական տվյալների, մեքենան անկանոն վարելու հետ կապված վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նույն համայնքի 41-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ։

Ոստիկանները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերել և ձերբակալել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 41-ամյա բնակչին։ Փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։ Ու մինչ իրավապահ համակարգը հայտնում է, թե մեքենան անկանոն վարելու խնդիրն է դարձել հարևանին սպանելու պատճառ, իրականում, սակայն ArmLur.am-ը պարզեց, որ սպանության դեպքը բավականին խորը արմատներ ունի:

Վենդետա. 2,5 տարի առաջվա կռիվը, դանակի հարվածները, կրակոցն ու սպանությունը

Իսկ հիմա ամեն ինչ մասին ամենասկզբից ArmLur.am-ը պարզեց, որ Կարեն Վաչագանի Մարտիրոսյանը 2023թ. դեկտեմբերի 24-ին ժամը 21:30-ի սահմաններում Գևորգ Երվանդի Սարգսյանի նույն Շենիկ բնակավայրի տան բակային հատվածում դանակով հարվածել է նույն բնակավայրի բնակիչ Հովհաննես Համլետի Եղիազարյանի կրծքավանդակին: Բժիշկների գնահատմամբ, կյանքի համար վտանգավորության հատկանիշ ունեցող հարված է եղել:

Արդյունքում Կարեն Մարտիրոսյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Եվ մինչ 2024 թվականից այս դատարանը գործը կքննվեր, հարևանների միջեւ 2,5 տարվա ընթացքում խմորումները շարունակվել են:

Դանակահարվածի եղբայրը կրակեց ու սպանեց կալանավորի հորը

Արդյունքում, 2026 թվականի Ապրիլի 7-ին՝ Շենիկում հնչեցին կրակոցներ, որի արդյունքում սպանվեց 2023 թվականից տնային կալանքի տակ գտնվող Կարեն Մարտիրոսյանի հայրը՝ Վաչագան Մարտիրոսյանը: Կրակողը 2023 թվականին դանակահարված Սպարտակ Եղիազարյանի եղբայրն է, որը հիմա կալանավրոված է:

ArmLur.am-ը զրուցեց սպանության գործով կալանավորվածի եղբայր Հովհաննես Եղիազարյանի հետ, ով հայտնեց մեզ, որ 2023 թվականի դեպքից հետո կրքերը չեն հանդարտվել իրենց գյուղում եւ միշտ սադրանքներ են եղել: Պարբերաբար իրենք ահազանգել են ոստիկանության 1.02 ծառայություն, սակայն եկել արձանագրել ու գնացել են, որեւէ բան չեն արել:

Այսինքն՝ եթե իրավապահ համակարգը ժամանակին գործեր, ահազանգերին ականջալուր լիներ, ի վիճակի լիներ նախականխել ու կանխեր հնարավոր հանցանքը, ապա այսօր Շենիկում սպանություն չէր լինի: Բայց ոստիկանությունը ոչինչ չի արել նոր սպանությունը կանխելու համար թեեւ ստացել է ահազանգեր:

ArmLur.am-ը զրուցեց նաև ՀՀ ՆԳ նախարարության հետ՝ պարզելու, թե ինչու քաղաքացիների զանգերին պատշաճ ընթացք չի տրվել ու արդյունքում 2023 թվականի հարևանների դանակահարությունը վերածվեց սպանության: Ի պատասխան ՆԳՆ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ArmLur.am-ին հայտնեց․ «Ո՛չ համայնքային բաժնում, ո՛չ քրեական ոստիկանության վարչությունում որևէ նման բովանդակության ահազանգ չի եղել, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։

Այսպիսով, քաղաքացին պնդում է, որ ահազանգ է հնչեցրել, ոստիկանությունում չեն հաստատում: Ափսոս էր մարդկային կյանքը:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս