Ապրիլի 21-ին Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում, սեփական բնակարանում, դաժանաբար սպանվել է հայազգի Նունե Սարգսյանը: Իր ծննդյան 26-րդ տարեդարձի օրը նա դանակի 40 հարված է ստացել:
Ընդամենը երեք օրում Տյումենի ոստիկանության քննիչները բացահայտել են սպանությունը: Պարզվել է, որ երիտասարդ կնոջը սպանել է պիցցայի առաքիչը` ով առաքումից հետո վերադարձել է բնակարան` իբր գումարի հետ կապված թյուրիմացությունը պարզելու:
Մարդասպանը նացիստի մռութով 22-ամյա մի ռուս երիտասարդ է,և դժվար է հավատալ քննության ներկայացրած պաշտոնական վարկածին, ըստ որի՝ սպանությունն իրականացվել է թալանի նպատակով:
Բնակարանի վրա ավազակային հարձակում (այն էլ` չպլանավորված) կատարած անձը, ըստ տրամաբանության, պետք է որ ձգտեր հնարավորինս արագ ավարտել իր արյունոտ գործը և հեռանալ, այլ ոչ թե եզակի գեղեցկության տեր կնոջը (ըստ լուսանկարների` Նունեն իսկապես բացառիկ գեղեցիկ կին էր) դանակի քառասուն հարված հասցներ:
Ինքնին ենթադրելի է, որ ռուս իրավապահների կողմից կարվի ամեն բան` այս սահմռկեցուցիչ սպանությանն անցանկալի հնչեղություն չհաղորդելու, և որպես սովորական ավազակային հարձակում ներկայացնելու համար:
Առավել ևս` որ այդ հարցում նրանք բացարձակապես ոչ մի խոչընդոտ չեն ունենա: Ո՞վ պետք է ռուսներից բացատրություն պահանջի, և կամ` ո՞վ է խորամուխ լինելու, որ դեռ պարզի` արդյոք այդ ռուս տականքը նացի՞ստ էր, սեռական մոլագա՞ր, թե՞ շարքային ավազակ:
Այ եթե հանկարծ հակառակը տեղի ունենար, և մի որևէ հարբած հայազգի տականք սպաներ ռուս կնոջ, այդ դեպքում ահա ռուս «հայրենասեր ինծիլիգենցիան» կընդվզեր, իսկ ողջ իշխանական մեդիամեքենան էլ կհեղեղվեր հակահայկական նացիստական ռեպորտաժներով:
Այնպես, ինչպես եղավ մի քանի ամիս առաջ` հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ողբերգական վթարի դեպքում, երբ 18 զոհ եղավ, սակայն ոչ կանխամտածված,և առավելևս` ոչ Հրաչյայի կողմից ծրագրված հանցագործության արդյունքում: Մինչդեռ հենց նույն ռուսական պետական հեռուստաընկերություններով «հայազգի մարդասպան» բառակապակցությունը մի քանի օր շարունակ թևածում էր, իսկ հակահայկականություն քարոզող լրագրողուհին էլ արդյունքում արժանացավ մասնագիտական խրախուսանքի:
Նունեին սպանող և նրա երեք մանկահասակ երեխաներին որբ թողած տականքին, վստահաբար, որևէ մեկը հայրենի «միլիցիայում» չի ստորացնի և կանացի խալաթով դատարան քարշ չի տա:
Եվ որքան էլ ցավալի հնչի, դա լավ է, դա ճիշտ է: Քանզի անգամ ամենավերջին մարդասպանը արժանապատվության իրավունք ունի: Եվ այդ արժանապատվությունը որևէ կապ չունի նրա ազգային պատկանելության հետ: Տականքներ կան ամենուր և բոլոր ազգերի մեջ: Եվ ռուս ազգն այս հարցում ավելի քան բացառություն չէ: