ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել դատավորների հայտարարագրած ունեցվածքը՝ ուսումնասիրելով նրանց 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։
Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը, որը պաշտոնը ստանձնել է 2022 թվականի ապրիլի 4-ին։
Անշարժ գույք
Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբում Լենդրուշ Հովհաննիսյանն ունեցել է Արմավիրում գտնվող բնակարան, որը ձեռք է բերել 2003 թվականի նոյեմբերի 4-ին։ Գույքը համատեղ սեփականության իրավունքով է։
2025 թվականի ընթացքում դատավորը նոր անշարժ գույք է ձեռք բերել։ Մասնավորապես, հոկտեմբերի 16-ին նա 6 մլն դրամով ավտոկայանատեղի է գնել Կոտայքի մարզի Նաիրի համայնքում։
Բացի այդ, մայիսի 19-ին Հովհաննիսյանը նույն՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքում 34 մլն 663 հազար դրամով բնակարան է ձեռք բերել։
Այսպիսով, միայն 2025 թվականին դատավորը անշարժ գույքի ձեռքբերման համար հայտարարագրել է ընդհանուր 40 մլն 663 հազար դրամ։
Տարվա վերջում նրա հայտարարագրում առկա են երեք անշարժ գույք՝ 2003 թվականին ձեռք բերված Արմավիրի բնակարանը, 2025 թվականին ձեռք բերված Նաիրի համայնքի բնակարանը և ավտոկայանատեղին։
Ավտոմեքենա
Լենդրուշ Հովհաննիսյանը 2025 թվականի սկզբում ունեցել է 2007 թվականի արտադրության LEXUS մակնիշի մարդատար ավտոմեքենա։ Այն ձեռք է բերել 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ գնման եղանակով։ Տարվա ընթացքում նոր տրանսպորտային միջոց չի ձեռք բերել և չի օտարել։ Նույն LEXUS-ը առկա է նաև տարվա վերջում։
Դրամական միջոցներ
2025 թվականի սկզբում դատավորի բանկային հաշիվներում առկա են եղել 534 հազար 624.4 դրամ, 72 հազար դրամ և 91.12 ԱՄՆ դոլար, ինչպես նաև երկու այլ դրամային հաշիվներ՝ զրոյական մնացորդով։
Տարվա վերջում հաշիվներից մեկում առկա է եղել 8 հազար 707 դրամ, մյուսում՝ 220 հազար դրամ, մեկ դոլարային հաշվում մնացորդը զրոյացել է, մեկ այլ հաշվին առկա է եղել 1 մլն 220 հազար դրամ, իսկ ևս մեկ հաշվում՝ 72 հազար դրամ։
Բացի բանկային միջոցներից, դատավորը տարվա սկզբում և վերջում հայտարարագրել է 500 հազար դրամ կանխիկ գումար։
Հայտարարագրում արժեթղթերի, այլ ներդրումների, բանկային ավանդների, էլեկտրոնային հաշիվների և կրիպտոարժույթի վերաբերյալ տվյալներ չկան։
Եկամուտ
Լենդրուշ Հովհաննիսյանը 2025 թվականին հայտարարագրել է ընդհանուր 18 մլն 155 հազար 601 դրամ եկամուտ։
Դրանից 12 մլն 970 հազար 861 դրամը կազմել է աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները, որոնք ստացել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից։
Բացի այդ, «Բուկինիստ» գրախանութների ցանցից նա ստացել է 180 հազար դրամ, «Զանգակ գրատուն»-ից՝ 60 հազար դրամ, ՀՀ ՊԵԿ-ից՝ 3 մլն 814 հազար 290 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա հիմնադրամից՝ 1 մլն 130 հազար 450 դրամ՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամտի տեսքով։
Վարկեր և ծախսեր
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Լենդրուշ Հովհաննիսյանի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 45 մլն 436 հազար 385.2 դրամ։ Դրանցից մեկի մնացորդը եղել է 29 մլն 893 հազար 263.7 դրամ, մյուսինը՝ 15 մլն 543 հազար 121.5 դրամ։ Երկու վարկերի նպատակային նշանակությունը հայտարարագրում կապված է բնակարանի հետ։
Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումների չափը կազմել է 6 մլն 574 հազար 232 դրամ։ Այլ՝ 2 մլն դրամը գերազանցող միանվագ ծախսերի վերաբերյալ տվյալներ հայտարարագրում չկան։
Այսպիսով, 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Լենդրուշ Հովհաննիսյանի ունեցվածքում տարվա ընթացքում ավելացել են 34 մլն 663 հազար դրամ արժողությամբ բնակարանն ու 6 մլն դրամ արժողությամբ ավտոկայանատեղին, մինչդեռ նրա 2007 թվականի LEXUS-ը պահպանվել է։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 18 մլն 155 հազար 601 դրամ, իսկ տարեվերջի վարկային պարտավորությունները՝ 45 մլն 436 հազար 385.2 դրամ։
Սոնա Գրիգորյան




























