«Ժողովուրդ» օրաթերթը կրկին շարունակում է հանրությանը ներկայացնել, թե ինչ ունեցվածք ունեն ՀՀ դատավորները՝ ուսումնասիրելով նրանց գույքի, եկամուտների, դրամական միջոցների և այլ ակտիվների վերաբերյալ տարեկան հայտարարագրերը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը։ Դատավորը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հունվարի 7-ին ։
Անշարժ գույք
Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին Արմենուհի Բադիրյանն ունեցել է երկու անշարժ գույք։ Դրանցից մեկը գտնվում է Տավուշի մարզի Վազաշենում, մյուսը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Երկու գույքն էլ հայտարարագրում նշված են որպես համատեղ սեփականություն։ Առաջինը ձեռք է բերվել 2005 թվականի մայիսի 17-ին, իսկ երկրորդը՝ 2009 թվականի մարտի 19-ին։
2025 թվականի ընթացքում դատավորը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ անշարժ գույք չի օտարել։
Տարվա վերջին ևս նրա հայտարարագրում առկա են նույն երկու անշարժ գույքերը՝ Տավուշի մարզի Վազաշենում և Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանում։
Արմենուհի Բադիրյանի հայտարարագրում 2025 թվականի սկզբի և վերջի դրությամբ որևէ տրանսպորտային միջոց նշված չէ։ Տարվա ընթացքում ևս նա մեքենա չի ձեռք բերել կամ օտարել։
Դրամական միջոցներ
Բանկային հաշիվներում տարվա սկզբին դատավորն ունեցել է 431,624.6 դրամ, իսկ տարվա վերջին՝ 713.7 դրամ։
Կանխիկ դրամական միջոցների մասով փոփոխություն չի արձանագրվել․ տարվա սկզբին և վերջում Արմենուհի Բադիրյանը հայտարարագրել է 3 մլն դրամ կանխիկ գումար։
Եկամուտ
2025 թվականի ընթացքում Արմենուհի Բադիրյանի եկամուտը կազմել է 14,875,951 դրամ։ Այն ամբողջությամբ աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ են, որոնք ստացվել են ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտից։
Սոնա Գրիգորյան























































































