Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ հերթական բեռնափոխադրումն է իրականացվել։
Ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ Բալաջարի կայարանից դեպի Բյոյուք-Քյասիք կայարան է ուղարկվել 126 տոննա կարբամիդ պարարտանյութ(2 վագոն) և 67 տոննա ալյուր (1 վագոն)։
Նշվում է, որ մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով, տեղափոխվել է ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։
Trend-ը հիշեցնում է նաև, որ տարանցիկ փոխադրումների հետ մեկտեղ Ադրբեջանից Հայաստան արտահանվում են նաև նավթամթերքներ։ Ըստ հրապարակման՝ մինչ օրս Հայաստան է արտահանվել ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 և 2955 տոննա ԱԻ-95 բենզին։
Անի Վարդանյան























