Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 27-ամյա Արման Անդրիասյանը նշանակվել է քաղաքապետի խորհրդական։ Համապատասխան որոշմամբ նա ազատվել է քաղաքապետի օգնականի պաշտոնից և նույն օրը, իր դիմումի համաձայն, նշանակվել խորհրդականի պաշտոնում։
Արման Անդրիասյանը ծնվել է 1999 թվականի մարտի 6-ին։ 2017-2023 թվականներին սովորել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» ֆակուլտետը։ 2017-2019 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։
Նա դեռևս 2017 թվականից՝ 18 տարեկանում, անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և 2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո ակտիվ ներգրավվել պետական և քաղաքական գործընթացներում։
Անդրիասյանի աշխատանքային գործունեությունը հիմնականում կապված է պետական կառավարման համակարգի հետ։ 2020-2021 թվականներին նա աշխատել է Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի օգնական։ Այնուհետև՝ 2021-2023 թվականներին, զբաղեցրել է փորձագետի պաշտոն ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչությունում։
2023-2024 թվականներին նա եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականը, իսկ 2024-2025 թվականներին աշխատել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնում՝ որպես խորհրդական, համակարգելով առանձին գործառույթներ։
2025 թվականին Արման Անդրիասյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցության քաղաքական գործունեությանը, ներառյալ նախընտրական փուլերում իրականացվող կազմակերպչական և քարոզչական աշխատանքները։
Նոր նշանակմամբ Արման Անդրիասյանը կշարունակի իր գործունեությունը Երևանի քաղաքապետարանում՝ արդեն որպես քաղաքապետի խորհրդական։
Սոնա Գրիգորյան




























