Euronews-ը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջիկա շաբաթներին կայցելի Երևան՝ հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և քննարկելու ԵՄ-Հայաստան ռազմավարական հարաբերությունների զարգացումը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այցը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Եվրամիությունը նոր աջակցության փաթեթ է իրականացնում Հայաստանի համար՝ նպատակ ունենալով մեղմել Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների ազդեցությունը։
Հոդվածում նշվում է, որ ԵՄ-ն վերջին ամիսներին ակտիվացրել է համագործակցությունը Երևանի հետ՝ աջակցելով տնտեսության տարբեր ոլորտներին, այդ թվում՝ գյուղատնտեսությանը և արտահանմանը։ Եվրահանձնաժողովը հայտարարել է նաև ֆինանսական օգնության ծրագրերի մասին՝ ուղղված հայկական բիզնեսի և արտահանման շուկաների ընդլայնմանը։
Euronews-ի տվյալներով՝ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում քննարկվում են նաև տնտեսական դիմակայունության և կապերի խորացման ծրագրեր, իսկ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանին որպես «ինքնիշխան և ժողովրդավարական պետություն»։
Հոդվածում հիշեցվում է, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում լարվածության ֆոնին Մոսկվան սահմանափակումներ է կիրառել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ, ինչին Երևանը արձագանքել է՝ դրանք որակելով որպես քաղաքական ճնշման գործիք։
Միևնույն ժամանակ նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հավասարակշռված դիրքորոշում է հայտնել՝ ընդգծելով, որ Հայաստանը չի գործի Ռուսաստանի դեմ, սակայն նաև կպաշտպանի իր ազգային շահերը։ Նա նաև հայտարարել է, որ ԵՄ անդամակցության գործընթացը ներկայումս «տեսական» բնույթ ունի, իսկ Հայաստանը շարունակում է համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում։
Ընդհանուր առմամբ, Euronews-ը եզրակացնում է, որ Ֆոն դեր Լայենի այցը Երևան դիտարկվում է որպես ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման հերթական կարևոր քայլ՝ հատկապես քաղաքական և տնտեսական աջակցության ֆոնին։
Հեղինակ՝ Անի Վարդանյան




























