Թուրքիայում հայտնի ստենդափ-կատակերգու Դենիզ Գյոքթաշը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ իրեն վերագրվող ելույթում իսլամական արժեքներն ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։
32-ամյա կատակերգուն ձերբակալվել է հուլիսի 2-ին՝ արտասահմանից Թուրքիա վերադառնալուն պես։ Նրա նկատմամբ հարուցվել է մի քանի քննություն, այդ թվում՝ «կրոնական արժեքները հրապարակայնորեն վիրավորելու» և Թուրքիայի նախագահին վիրավորելու հոդվածներով։
Քննության առիթը դարձել է նրա շուրջ 90 րոպե տևողությամբ ստենդափ ներկայացումը, որը հունիսի 24-ին հրապարակվել էր YouTube-ում և արդեն հավաքել է մոտ 9 միլիոն դիտում։
Ելույթի ընթացքում Գյոքթաշը երգիծական անդրադարձ է կատարել Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին՝ ծաղրելով քաղաքական դաշտի գրեթե բոլոր դերակատարներին, այդ թվում՝ նախագահի գլխավոր ընդդիմախոս, Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Միաժամանակ նա նախագահ Էրդողանին անվանել է «բռնապետ»։
Առանձնահատուկ ուշադրության է արժանացել նաև նրա կատակներից մեկը Ղուրանի մասին, որը քննիչների կարծիքով կարող է վիրավորական բնույթ կրել կրոնական արժեքների նկատմամբ։ Սակայն իշխանությունները դեռ չեն պարզաբանել, թե ներկայացման որ հատվածն է համարվել նախագահի վիրավորանք։
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ներկայացման վերաբերյալ ստացել է 185 բողոք։ Դրանից հետո կատակերգուի ելույթի մի շարք տեսանյութեր X սոցիալական հարթակում արգելափակվել են Թուրքիայում՝ «ազգային անվտանգության և հասարակական կարգի» նկատառումներով։
Դենիզ Գյոքթաշը, որն այդ ընթացքում հանգստանում էր արտերկրում, հայտարարել էր, որ տեղյակ է հարուցված գործի մասին և, գիտակցելով, որ իրեն կձերբակալեն, վերադարձել է Թուրքիա։
Նրա փաստաբանի խոսքով՝ կատակերգուն դատարանի առջև պետք է ներկայանա հուլիսի 3-ին։
Գյոքթաշը ստենդափի ոլորտում գործունեությունը սկսել է 2019 թվականին Ստամբուլի TuzBiber Comedy Club-ում։ Հետագայում նա ելույթներով հանդես է եկել նաև եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ-ում։ Սակայն հիմա փաստ է, որ Թուրքիայի ներքին քաղաքական խնդիրները երկիծականորոն վեր հանելու համար կանգնել է դատարանի առաջ։
Կատակերգուի ձերբակալությունը տեղի է ունենում այն շրջանում, երբ թուրքական իշխանությունները շարունակում են խստացնել վերահսկողությունը կառավարության և նրա պահպանողական քաղաքականության քննադատների նկատմամբ։ Վերջին ամիսներին իրավական հետապնդումների են ենթարկվել նաև երաժիշտներ, արվեստագետներ, լրագրողներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
Ա․ Վարդանյան
























































































