Չնայած այն հանգամանքին, որ Կանադայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով Նյու Յորքը պատածված է խիտ ծխամշուշով և օդի որակի կտրուկ վատթարացել է, այնուամենայնիվ, ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը տեղափոխելու կամ հետաձգելու ծրագրեր չկան։ Այս մասին հայտնում է Ole թերթը։
Աշխարհի առաջնության եզրափակիչը, որում կմրցեն Արգենտինայի և Իսպանիայի հավաքականները, նախատեսված է անցկացնել հուլիսի 19-ին՝ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքում։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է ժամը 23:00-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով առաջացած ծուխը հասել է Նյու Յորք՝ զգալիորեն վատթարացնելով օդի որակը։ IQAir հարթակի տվյալներով՝ օդի որակի ինդեքսը հասել է 208-ի, ինչը դասվում է «առողջության համար շատ վնասակար» մակարդակին։
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը նախազգուշացրել է, որ անտառային հրդեհների ծուխն ու բարձր ջերմաստիճանը միասին բացասաբար են ազդում օդի որակի վրա։ Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը, ուշադիր հետևել առողջական վիճակին և պահպանել անհրաժեշտ նախազգուշական միջոցները։
Չնայած ստեղծված իրավիճակին՝ մրցաշարի կազմակերպիչները չեն նախատեսում փոփոխել եզրափակիչ հանդիպման անցկացման վայրը կամ ժամանակացույցը՝ նշելով, որ այս պահին օդի որակի հետ կապված խնդիրները չեն խոչընդոտում խաղի անցկացմանը։
Նանիկ Աղասյան




























