Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակը աշխարհի առաջնության եզրափակչում ոչ միայն մարզական հաջողություն է, այլև որոշակի տնտեսական ազդեցություն կարող է ունենալ երկրի վրա։ Սակայն մասնագետները նշում են, որ չեմպիոն դառնալը ինքնին չի դարձնում երկիրը ավելի հարուստ։
Իսպանիայի հավաքականը կիրակի օրը՝ հուլիսի 19-ին, աշխարհի առաջնության եզրափակչում 1։0 հաշվով հաղթեց Արգենտինային։ Հանդիպման 106-րդ րոպեին Ֆերրան Տորեսի գոլը Իսպանիային բերեց աշխարհի երկրորդ չեմպիոնական տիտղոսը՝ 2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայացած առաջնությունից 16 տարի անց։
Հաղթանակից հետո Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) ՖԻՖԱ-ից կստանա ռեկորդային՝ 50 մլն դոլար կամ մոտ 43.7 մլն եվրո պարգևավճար։
Համեմատության համար՝ 2022 թվականի աշխարհի առաջնության հաղթող Արգենտինան ստացել էր 42 մլն դոլար (մոտ 36.7 մլն եվրո)։ Այս տարի ՖԻՖԱ-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 655 մլն դոլար (մոտ 572 մլն եվրո), որը բաշխվել է ընդլայնված՝ 48 թիմով մրցաշարի մասնակիցների միջև։
Ֆեդերացիան ինքն է որոշելու, թե պարգևավճարի ինչ մասնաբաժինը կհատկացվի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին և հավաքականի մյուս աշխատակիցներին։ Մնացած գումարը կուղղվի RFEF-ի գործունեությանը և զարգացման ծրագրերին։ Բոլոր վճարումները ենթակա են հարկման։
Իսպանիայի իշխանությունները կարող են ստանալ մոտ 6 մլն եվրո հարկային եկամուտ այն 17 ֆուտբոլիստներից, որոնք բնակվում են երկրում։ Այդ գումարի հիմնական մասը՝ մոտ 4.4 մլն եվրոն, կուղղվի պետական հարկային մարմնին, իսկ մնացածը՝ Նավարայի և Բասկերի տարածաշրջանային բյուջեներին։
Հաղթանակի տնտեսական ազդեցությունը
Սակայն աշխարհի չեմպիոն դառնալու իրական ազդեցությունը երկրի տնտեսության վրա ավելի դժվար է գնահատել։
Աբերդինի համալսարանի տնտեսագետ Մարկո Մելլոյի՝ 2024 թվականին հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ աշխարհի առաջնության հաղթանակը կարող է չեմպիոն երկրի ՀՆԱ-ի տարեկան աճը երկու եռամսյակի ընթացքում ավելացնել առնվազն 0.48 տոկոսային կետով, սակայն հետագայում այդ ազդեցությունը նվազում է։
Ուսումնասիրության համաձայն՝ տնտեսական աճի հիմնական շարժիչը ոչ թե երկրպագուների տոնակատարությունների ընթացքում կատարվող ծախսերն են, այլ արտահանումը։ Ըստ հետազոտության՝ աշխարհի չեմպիոն դառնալը երկրի ապրանքների և ծառայությունների համար գործում է որպես համաշխարհային գովազդային արշավ՝ նպաստելով արտահանման աճին։
Իսպանիայի տնտեսության չափը՝ մոտ 1.69 տրիլիոն եվրո, հաշվի առնելով՝ այդ ազդեցությունը կարող է կազմել մոտ 4 մլրդ եվրո, գնահատել է Freedom24 Iberia ընկերության տնօրեն Պեդրո Սանտա Կրուսը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՖԻՖԱ-ի կողմից տրամադրվող 43.7 մլն եվրո պարգևավճարը համարժեք է Իսպանիայի ազգային արտադրանքի ընդամենը մոտ 15 րոպեի ծավալին։
Այսպիսով, Իսպանիայի նոր չեմպիոնական տիտղոսը կարող է բերել միլիարդավոր եվրոների տնտեսական ակտիվություն և դրական միջազգային իմիջ, սակայն մասնագետների գնահատմամբ՝ այն չի հանդիսանա երկրի տնտեսության երկարաժամկետ աճի հիմնական գործոնը։
Անի Վարդանյան




























