«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է Բուզանդ փողոցի բնակիչների խնդիրները: Այդ խնդիրների առաջին պատասխանատուն Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանն էր, ում օրերս նշանակեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի «Գլխավոր պողոտա» ծրագրի իրացման գոտում ապրած և 2004 թ.-ի կառավարության որոշման համաձայն, Բուզանդ փողոցից տեղահանված բնակիչները արդեն քանի տարի է՝ բողոքում են, որ իշխանությունները ոտնահարել են իրենց սեփականության իրավունքը:
Ներկայումս, ինչպես տեղեկացրեց Սեդրակ Բաղդասարյանը, մոտ 3 տասնյակ բնակիչ դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան. «Մոտ 14 գործի վերաբերյալ Եվրոպական դատարանը կայացրել է որոշում, որի հիման վրա մեր կառավարությունը որպես փոխհատուցում տվել է 500.000 դոլար գումար: Մնացած 10-12 գործերով ՄԻԵԴ-ը դեռ որոշում չի կայացրել»:
Ի դեպ, Սեդրակ Բաղդասարյանը ևս Բուզանդ փողոցի տեղահանված բնակիչներից մեկն է:
(Բուզանդ փողոցի բնակիչների պայքարը ընդդեմ իշխանությունների որոշման)
Armlur.am-ի հետ զրույցում ՀԿ-ի ղեկավարը, խոսելով Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի գործունեության մասին, ասաց, որ Կառավարությունը 2004թ. հունիսին 909-Ն որոշմամբ Բուզանդի փողոցին հարող տարածքի կառուցապատման իրավունքը տվել էր «Ավանտ Տուր» ընկերությանը:
«Հետագայում ներդրումային ծրագիր իրականացնող «Ավան տուր» ՍՊԸ- ն փոխարինվեց «Վիզկոն» ՍՊԸ- ով, որի ղեկավարը՝ Պավել Անդերսոնը, հետագայում հրապարակային հայտարարեց, որ ինքը գլխավոր պողոտայում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար միջնորդավորված 550.000 դոլար կաշառք է տվել Ե. Զախարյանին:
«Այս փաստը առ այսօր չի հերքվել»,- հիշեցրեց մեր զրուցակիցը:
Տեղեկացնենք, որ 2012 թ.-ին, երբ Զախարյանը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահն էր, վերջինիս մամլո խոսնակը հերքել էր Զախարյանի կողմից կաշառք վերցնելու մասին Անդերսոնի մեղադրանքը:
Ինչ վերաբերում է Զախարյանին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակելուն, ըստ մեր զրուցակցի, սա ցույց է տալիս, որ մեր կառավարությունը ճգնաժամի մեջ է:
«Եթե մի մարդ կաշառակեր է, ինչպե՞ս են նրան նշանակում նախարարի պաշտոնում: Խեղճ հայ ժողովուրդ, միթե մենք սրան էինք արժանի: Միթե այլ պաշտոնյաներ չկան, որ կաշառակերին նշանակում ենք պաշտոնի»,- հռետորական հարց ուղղեց Բաղդասարյանը և հավելեց, որ այդ մասին պետք է մտածի ՀՀ վարչապետը:
Եթե 2003-2009 թ.-ին Երվանդ Զախարյանը եղել է Երևանի քաղաքապետ, ապա 1999 – 2004թ.-ին Երևանի ՀՀ գլխավոր ճարտարապետ է եղել Նարեկ Սարգսյանը, որը պատասխանատու է Բուզանդ փողոցում երկու պատմամշակութային հուշարձանի ոչնչացման համար:
Ըստ Բաղդասարյանի` Նարեկ Սարգսյանն ու Երվանդ Զախարյանը ոչնչացրել են Երևան քաղաքի «դեմքը»:
«2006 թ.-ին դատախազության կողմից պատրաստված տեղեկանքում նշված է, որ այդ պաշտոնյաների ղեկավարման շրջանում ընդհանուր առմամբ քանդվել է 29 պատմամշակութային հուշարձան: Հետևաբար, Նարեկ Սարգսյանին նշանակել Քաղաքաշինության նախարար, Երևանի «հերը» վերջնականապես անիծել է նշանակում»,- վստահ է Ս. Բաղդասարյանը:
Բուզանդ փողոցի բնակիչները մեր զրուցակցի խոսքով` հույս չեն կապում նոր ձևավորվող կառավարության հետ, քանի որ Ս. Բաղդասարյանը պնդում է`Ամիրյան փողոցում կառուցված և Հովիկ Աբրահամյանին պատկանող Hotel National հյուրանոցային համալիրի տեղում եղած բնակարաններն առգրավվել են, իսկ այդ բնակարանների տերերը արդեն քանի տարի է փողոցում են:
«Հիմա, եթե Հովիկ Աբրահամյանն այդ մարդկանց բնակարանները չի տալիս, մեր հարցը ո՞նց է լուծելու: Այս կառավարությունը կսպասի այնքան ժամանակ, մինչև ՄԻԵԴ դիմած մարդկանց բողոքները բավարարվեն, որից հետո նոր կառավարությունը կկատարի ՄԻԵԴ-ի որոշումը»,- եզրափակեց Սեդրակ Բաղդասարյանը:
Սոնա Դավթյան