Դատախազությունը դիմել է դատարան՝ վիճարկելով Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի 12 տարի առաջվա որոշումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դատախազությունը դատի է տվել կառավարությանը՝ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2008 թվականին կայացրած 2 որոշումները վերացնելու պահանջով։

Հայցը Վարչական դատարան է ներկայացվել մարտի 25-ին եւ մակագրվել դատավոր Արծրուն Միրզոյանին, գրում է armtimes.com։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Աղավնի Մադոյանը՝ որն այս գործով դատախազության ներկայացուցիչն է, ՀԺ-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է Երեւանի քաղաքապետարանի փոխարեն հայցը ներկայացվել ՀՀ կառավարության դեմ:

Նրա խոսքով՝ 2008 թվականին Երեւանը դեռեւս մարզի կարգավիճակ ուներ եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ Երեւանի ներկայիս քաղաքապետը իրավահաջորդ չի հանդիսանում. «Իրավահաջորդ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս կառավարության»։

Անդրադառնալով հայցին՝ Մադոյանն ասաց, որ 2018 թվականին «Հետք» լրատվականում հրապարակվել է «Ընտրյալների թաղամաս» վերտառությամբ հոդված, որի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ. «2020 թվականի հունվարի 23-ին որոշում կայացվեց վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին եւ հաստատվեցին որոշ հանգամանքներ»։

Նրա խոսքով՝ 2008 թվականին Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, մասնավորապես այդ ժամանակ գործող քաղաքապետ՝ Երվանդ Զախարյանի եւ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքը իբրեւ վերաճշտվել է, որի արդյունքում զբոսայգու մաս կազմող 10 հազար քառակուսի մետր հողատարածքը դուրս է թողնվել գլխավոր հատակագծից. «հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակման տակ գտնվող հողամասը փաստացի դուրս է եկել սահմանափակումից՝ դառնալով օտարման ենթակա։ Հաշվի առնելով այն, որ այդ ամենը կատարվել է քաղաքապետի կողմից կայացված վարչական ակտի հիման վրա, ուստի անհրաժեշտություն է առաջացել հանրային իրավահարաբերության տիրույթում վիճարկել վարչական ակտը»։

Երկրորդ որոշումը, որը վիճարկում են՝ «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասն օտարելու մասին» թիվ 1619-Ա որոշումն է, որի հետ մեկտեղ ներկայացվել են ածանցյալ այլ պահանջներ: Մադոյանն ասաց, որ իրենք միջնորդել են, որպեսզի Երեւանի քաղաքապետարանին, «Գոլդեն Փելիս»-ին եւ «Արդշինբանկ»-ին ներգրավվեն՝ որպես 3-րդ կողմ։

Հարցին՝ եթե իրենց վիճարկման արդյունքում որոշումները վերացվեն՝ ի՞նչ է սպասվում, դատախազը պատասխանեց. «Հայցը բավարարվելու դեպքում «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի մասը կազմող, հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում գտնվող եւ ներկայումս «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը պատկանող 10000 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետական սեփականություն եւ կծառայի հանրությանը որպես զբոսայգի»:

Նա նշեց, որ հողատարածքը «Գոլդեն Փելիս»-ին է օտարվել՝ 164 միլիոն 760 հազար դրամով՝ ուղղակի վաճառքով, քանի որ արդեն իսկ այդ տարածքը «Գոլդեն Փելիս» հյուրանոցին էր տրամադրվել կառուցապատման իրավունքով եւ այդ պայմաններում պետք է օտարվեր կադաստրային արժեքով, սակայն տարածքի գնահատված արժեքը մոտ 3 մլրդ դրամ է




Լրահոս