ՀՀ ՆԳՆ պաշտոնական տեղեկության համաձայն՝ հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Մուրացան 109 հասցեում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով կա զոհ։ ArmLur.am-ը պարզել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել է չպայթած նռնակ, ինչի պատճառով տարածք է ժամանել սակրավորների խումբ՝ այն վնասազերծելու նպատակով։
ArmLur.am-ի բացառիկ կադրերում երևում է, թե ինչ խուճապ է տիրել կրակոցների պահին։ Տարեց կինը փորձում է փախչել վտանգավոր գոտուց, իսկ դեպքից հետո ամբողջ տարածքը մեկուսացվել է իրավապահների կողմից։
Այդ բակում ապրող մարդիկ ArmLur.am-ին պատմեցին, որ իրենց անվտանգ չեն զգում։ Նրանց խոսքով՝ երեկոյան ժամերին դուրս գալուց վախենում են, իսկ երեխաներին բակ իջեցնելը դարձել է ռիսկ։ Պարզապես թույլ չեն տալիս։
ArmLur.am-ը պարզեց, որ պատմությունը, որի արդյունքում սպանվեց 20-ամյա Վահե Մկրտչյանը և վիրավորվեց 15-ամյա Գ. Մարգարյանը, տարիների խորքից է գալիս։ ArmLur.am-ը իրավապահ շրջանակներից պարզեց, որ կա վարկած, ըստ որի՝ գործն ունեցել է կազմակերպիչներ, որոնց ինքնությունը դեռևս չի հրապարակվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը կարող է առնչություն ունենալ բնակելի հատվածում գործող խաղատան հետ, որը միջադեպից հետո փակվել է։ Նույն աղբյուրների համաձայն՝ անձը, որի նկատմամբ, ըստ ամենայնի, ուղղված է եղել հարձակումը, դեպքի վայրից հեռացել էր կրակոցներից մոտ 10-15 րոպե առաջ, և կրակոցները իրենց նպատակին չեն ծառայել։
Այսօր բակում արդեն լռություն է։ Բնակիչներից մեկը սպանված Վահեի հիշատակին, նրա ընկած վայրում, մոմ էր վառել, իսկ բակի լռության հետևում մարդկանց վախն ու անորոշությունն են։ Այստեղ ապրողները մեկ հարց ունեն՝ արդյո՞ք սա վերջին կրակոցներն էին, թե՞ նրանք կրկին ստիպված են լինելու ապրել հերթական ողբերգության սպասումով։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․



























