Էրեբունիում հնչած կրակոցների գործով իրավապահները հարցաքննել են 30-ից ավելի անձի։ Այս պահին դեռևս գործով կալանավորված անձ չկա։ Հայտնել էինք, որ 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և ներկայացվել է դատարան՝ կալանավորելու նպատակով։
Հայտնել էինք, որ Էրեբունիում 30-ից ավելի կրակոցների հետևանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է։ Վերջինս հենց Էրեբունի վարչական շրջանի բնակիչ էր։
ArmLur.am-ին հայտնի էր դարձել Էրեբունիում կրակոցների գործով ձերբակալվածի ինքնությունը։ Վերջինս 34-ամյա Արմեն Օհանյանն է։
Ավելին՝ հայտնել էինք, որ կրակոցների հետևանքով վիրավորվածը 15-ամյա Գ. Մարգարյանն է։
Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Էրեբունի վարչական շրջանում։ Տեղեկությունների համաձայն՝ Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ այնտեղ հայտնաբերվել էր նռնակ, որը, բարեբախտաբար, չէր պայթել։
Ըստ ՆԳՆ-ի՝ հուլիսի 18-ին՝ ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը, որտեղ հայտնաբերվել էր դի։
Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քիչ առաջ էլ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեկ անձ կալանավորվել է։
























































































