Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի «88» սուպերմարկետում գործող «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը։ Պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից։
Առաստաղները կամ տանիքների ներքին մակերևույթներն ու կառուցվածքներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը։

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Հացի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացի արտադրամասը համապատասխանեցնել սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:




























