Armenian text to speach

Սահմանային ճգնաժամ Իսպանիայում․ հազարավոր ներգաղթյալներ փորձում են անցնել Մարոկկոյից Իսպանիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի կառավարությունը որոշել է զինված ուժեր տեղակայել Սեուտա ինքնավար քաղաքում՝ սահմանային անվտանգությունն ուժեղացնելու նպատակով, այն բանից հետո, երբ հազարավոր ներգաղթյալներ Մարոկկոյից լողալով փորձել են հասնել իսպանական տարածք։

Հուլիսի 30-ին հարյուրավոր մարդիկ անցել են Մարոկկոյի և Սեուտայի սահմանը՝ լողալով կամ փչովի միջոցներով հասնելով Տարախալ լողափ։ Իսպանական իշխանությունների տվյալներով՝ առնվազն 19 մարդ է մահացել անցման փորձի ընթացքում։

Զորքի տեղակայման որոշումը հաջորդել է Սեուտայի ղեկավարության դիմումին՝ Մադրիդին, որտեղից պահանջել էին հայտարարել ազգային արտակարգ իրավիճակ՝ նշելով, որ տեղական իշխանություններն այլևս չեն կարողանում կառավարել անօրինական սահմանահատումների մեծ ծավալը։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը պատրաստվում է այցելել Սեուտա, իսկ կառավարությունը հայտարարել է, որ աշխատելու է Մարոկկոյի իշխանությունների հետ՝ իրավիճակը կարգավորելու համար։

Իտալիան առաջարկում է սահմանափակել Շենգենը Իսպանիայի համար

Միգրացիոն ճգնաժամից հետո Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ կողմ է Իսպանիայի հետ Շենգենյան ազատ տեղաշարժի գոտու փակմանը՝ պատճառաբանելով, որ չվերահսկվող ներգաղթը սպառնում է ազգային անվտանգությանը։

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին նույնպես հայտարարել է, որ Հռոմը պատրաստ է «արտակարգ միջոցների»՝ իր սահմանները պաշտպանելու համար։

ԵՄ-ն աջակցություն է առաջարկել

Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ պատրաստ է Իսպանիային աջակցել, այդ թվում՝ Frontex գործակալության միջոցով։

Ստեղծված իրավիճակը հիշեցրել է 2021 թվականի միգրացիոն ճգնաժամը, երբ երկու օրվա ընթացքում շուրջ 10 հազար մարդ էր մուտք գործել Սեուտա։ Իսպանիան և Մարոկկոն այժմ պայմանավորվել են արագացնել ներգաղթյալների վերադարձի գործընթացը։

Անի Վարդանյան



Լրահոս