Armenian text to speach

Իտալացին սխալմամբ աղբն է նետել մեկ միլիոն եվրո շահած վիճակախաղի տոմսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Բիտոնտո քաղաքում բնակվող տղամարդը սխալմամբ աղբն է նետել վիճակախաղի տոմսը, որը շահել էր մեկ միլիոն եվրո։ Սակայն տոմսը հրաշքով հայտնաբերվել է աղբի տեսակավորման կայանում, հայտնում է «Repubblica»-ն։

Տղամարդը տարիներ շարունակ մասնակցում է ակնթարթային վիճակախաղերի և մշտապես ընտրում է նույն թվերը՝ 2, 4, 8, 10 և 51, որոնք կապված են իր համար հարազատ մարդու հետ։

Դեպքի պատճառը դարձել է տոմսի վրա նշված գրությունը։ Վիճակախաղի կանոնների համաձայն՝ փոքր շահումները հնարավոր է ստանալ վաճառքի կետում, իսկ խոշոր գումարները՝ ոչ։ Շահած տոմսի վրա հայտնվել էր նշում, որ այն տվյալ կետում «ենթակա չէ վճարման»։ Տղամարդը կարծել էր, թե ոչինչ չի շահել, թողել էր տոմսը և հեռացել։

Ավելի ուշ նրա ընտանիքի անդամները նկատել էին, որ շահած թվերը համընկնում են տոմսի վրա նշված թվերի հետ։ Հասկանալով սխալը՝ նրանք վերադարձել էին վաճառքի կետ, սակայն տոմսն արդեն աղբամանն էր նետված և տեղափոխվել էր աղբի տեսակավորման կենտրոն։

Աղբահանությամբ զբաղվող Sanb ընկերության տնօրենը տեղի ունեցածը «հրաշք» է անվանել։ Նրա խոսքով՝ աշխատակիցները վերականգնել են աղբատարի ամբողջ երթուղին և պարզել, թե որ մեքենայում է հայտնվել տոմսը։

Որոնումները աղբավայրում շարունակվել են մինչև առավոտ։ Վերջում տոմսը հայտնաբերվել է վնասված տոպրակի մեջ՝ արդեն ոչնչացված վիճակախաղի բազմաթիվ տոմսերի կողքին։ Միակ շահած տոմսը պատահաբար ամբողջությամբ պահպանվել էր։

Ընկերության ղեկավարը պատմել է, որ անձամբ է դիպչել գտնված տոմսին՝ համարելով, որ դա կարող է իրեն հաջողություն բերել։ Որոնումներից հետո աշխատակիցները կատակով որոշել են իրենց համար վիճակախաղի տոմս գնել և արդյունքում շահել են 50 եվրո։

Տղամարդուն այժմ պետք է վերադարձվի իր մեկ միլիոն եվրոյի շահումը։ Իտալիայում նախկինում ևս նման դեպքեր են եղել․ ապրիլին Տրիեստ քաղաքում մի բնակչի վերադարձրել էին աղբում հայտնված 7 հազար եվրոն, իսկ Լեչչե նահանգում մեկ այլ տղամարդ պատահաբար աղբն էր նետել 20 ոսկե ձուլակտոր պարունակող տուփ, որի ընդհանուր արժեքը մոտ 120 հազար եվրո էր։

Ա․ Վարդանյան




Լրահոս