Armenian text to speach

Վիրավորական գրառումներից մինչև «կոկորդիլոսագետի» կերպար. ո՞վ է վեդեցի ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարիկ Մնացականի Սարգսյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 17-ին՝ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում։ 2004 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Դիվանագիտություն» բաժինը։

2015 թվականի մայիսի 30-ից նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է։ Մասնակցել է կուսակցության ստեղծման աշխատանքներին՝ ներգրավված լինելով նաև կանոնադրության և ծրագրի մշակման գործընթացում։

2018-2020 թվականներին զբաղեցրել է Արարատի մարզպետի պաշտոնը, այնուհետև ղեկավարել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն։ Ներկայումս Վեդի համայնքի ղեկավարն է, իսկ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։

Սակայն Գարիկ Սարգսյանի քաղաքական գործունեությունն ուղեկցվել է նաև մի շարք աղմկահարույց հայտարարություններով և հրապարակային վարքագծով։

Վերջին օրերին նա լայն քննադատության արժանացավ Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպից հետո 18-ամյա երիտասարդի կալանավորման վերաբերյալ կատարած ֆեյսբուքյան գրառման համար։ Սարգսյանը գրել էր. «18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում։ Вот какая доля хулиганчика»։ Գրառումը սոցիալական ցանցերում և քաղաքական շրջանակներում գնահատվեց որպես անհարիր և վիրավորական վերաբերմունքի դրսևորում։

Գարիկ Սարգսյանի անունը նախկինում ևս հայտնվել է հանրային քննարկումների կենտրոնում՝ այսպես կոչված «կոկորդիլոսի պատմության» պատճառով։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա, անդրադառնալով Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարանի ստեղծմանը, հայտարարել էր, որ կոկորդիլոսի ձվերը ներմուծվել են թռչնի ձվի մաքսային կոդով, այնուհետև փորձել էր կենսաբանական բացատրություն ներկայացնել՝ նշելով, թե կոկորդիլոսներն իրենց օրգանային համակարգերով ավելի մոտ են թռչուններին։

Ավելին, Սարգսյանը հայտարարել էր. «Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ։ Այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք թռչել են»։ Այս հայտարարությունը լայնորեն տարածվեց համացանցում, դարձավ բազմաթիվ հումորային մեկնաբանությունների թեմա, իսկ Գարիկ Սարգսյանին հանրային դաշտում սկսեցին անվանել «կոկորդիլոսագետ»։

Վեդիի համայնքապետը նաև բացահայտ աջակցություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանության նախաձեռնած քաղաքական գործընթացներին՝ հրապարակայնորեն պահանջելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը։

2025 թվականի դեկտեմբերի 18-ին նա մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում կազմակերպված հավաքին։ Այդ օրը ArmLur.am-ի հետ զրույցում Սարգսյանը նշել էր, որ անձամբ երբևէ Մայր Աթոռում պատարագի չի մասնակցել, իսկ մանկության տարիներին այնտեղ եղել է միայն ծնողների նախաձեռնությամբ։

«Մայր Աթոռում պատարագի մասնակցել եմ միայն փոքր ժամանակ։ Ծնողներս էին բերել»,- ասել էր նորընտիր պատգամավորը։

Այսպիսով, Ազգային ժողովում իր գործունեությունը սկսող Գարիկ Սարգսյանը հանրությանը հայտնի է ոչ միայն զբաղեցրած պետական պաշտոններով, այլև մի շարք աղմկահարույց հայտարարություններով, սոցիալական ցանցերում կոշտ և երբեմն վիրավորական գրառումներով, գիտական հիմնավորում չունեցող հանրային պնդումներով, ինչպես նաև Եկեղեցու շուրջ ծավալված քաղաքական գործընթացներում ակտիվ ներգրավվածությամբ։ Այս հանգամանքները, հաշվի առնելով նրա առաջիկա խորհրդարանական գործունեությունը, հավանաբար շարունակելու են մնալ հանրային ուշադրության և քաղաքական գնահատականների առարկա։

Նանիկ Աղասյան




Լրահոս