Հրազդան քաղաքում Firebird ընկերության կողմից գործարկվել է տարածաշրջանում խոշորագույն NVIDIA DSX AI-ի հենքով արհեստական բանականության գործարանը։
Firebird-ի AI գործարանի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, NVIDIA-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդեանը, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, Ղազախստանի փոխվարչապետ Ժասլան Մադիևը, ինչպես նաև պետական, դիվանագիտական, տեխնոլոգիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը մասնակցել են նաև Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը, բանկի վարչության անդամ, կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանը և բանկի այլ ներկայացուցիչներ։

Գործարանի ստեղծման և ֆինանսավորման առանցքային փուլում Արդշինբանկը հանդես է եկել որպես նախաձեռնող և առաջնորդող ֆինանսական կառույց՝ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ ձևավորելով 6 ֆինանսական կառույցներից բաղկացած սինդիկատ։
«Արդշինբանկի համար այս նախագծում ներգրավված լինելը միայն ֆինանսավորման մասին չէ։ Մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ Հայաստանի ֆինանսական համակարգը աջակցում է համաշխարհային նշանակության տեխնոլոգիական նախագծի իրականացմանը և նպաստում է երկրի որպես բարձր տեխնոլոգիաների ու նորարարության կենտրոնի դիրքավորմանը։ Արհեստական բանականության զարգացումն այսօր ձևավորում է ոչ միայն տեխնոլոգիական, այլև տնտեսական նոր հնարավորություններ, իսկ դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքը դառնում է նոր ներդրումների և բիզնեսների զարգացման կարևոր նախապայման», – նշել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը։

AI գործարանի ստեղծման ծրագրի առաջին փուլի ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 450 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի պատմության մեջ աննախադեպ այս գործարքի շրջանակում սինդիկատի կողմերը միավորվել են մեկ գաղափարի և մեգանախագծի շուրջ՝ Firebird-ին տրամադրելով 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։
«Այս գործարքը կարևոր քայլ էր նաև Հայաստանի ֆինանսական շուկայի համար։ Վեց ֆինանսական կառույցների համախմբումը մեկ խոշոր տեխնոլոգիական նախագծի շուրջ հնարավորություն տվեց համատեղել բանկային և ներդրումային կապիտալը և ձևավորել նման մասշտաբի ծրագրի համար անհրաժեշտ ֆինանսավորում։ Նախագծի գործարկումն այսօր արդեն ցույց է տալիս, որ այդ ֆինանսավորումը վերածվում է իրական ենթակառուցվածքի և նոր հնարավորությունների՝ Հայաստանի տնտեսության և միջազգային տեխնոլոգիական համագործակցության համար», – նշել է Արդշինբանկի վարչության անդամ, կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանը։

Սինդիկատի կազմում Արդշինբանկի հետ մասնակցել են Ակբա բանկը, Էվոկաբանկը, Ֆասթ Բանկը, Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ֆոնդը։
__
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 912,000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 2,400-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 73 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Positive)) և Fitch (BB- (Positive)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: (Գ)




























