ArmLur.am-ը նկատել է, որ Համացանցում վերջին օրերին ակտիվորեն տարածվում են մի շարք անհանգստացնող տեղեկություններ, որոնց համաձայն՝ առաջիկա օրերին հաքերները կարող են անջատել ամբողջ աշխարհում ինտերնետը, բանկային համակարգը կարող է հայտնվել լուրջ խնդիրների առաջ, իսկ քաղաքացիները պետք է շտապեն կանխիկացնել իրենց բանկային հաշիվներում եղած գումարները։ Տարածվում են նաև գրառումներ, որոնցում օգտատերերին հորդորում են հատուկ հայտարարություն հրապարակել՝ իբր թույլ չտալու համար, որ Meta ընկերությունն օգտագործի իրենց անձնական տվյալները։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է այս լուրերին՝ դրանք որակելով, մեղմ ասած, անհիմն։ Նրա խոսքով՝ վերջին օրերին մի քանի մարդ իրեն տեղեկացրել է, թե յոթ օրից հաքերները պատրաստվում են անջատել ամբողջ ինտերնետը։
«Այդպիսի բան չի կարող լինել։ Մի մաս կարող է անջատել, բայց ամբողջը՝ դժվար»,- իր խոսքում նշել է Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ համացանցի ամբողջական անջատման մասին տարածվող պնդումները լուրջ հիմքեր չունեն։
Մասնագետն անդրադարձել է նաև բանկերից գումարները կանխիկացնելու կոչերին։ Ըստ տարածվող լուրերի՝ ինտերնետի անջատման հետևանքով բանկերը չեն կարողանալու աշխատել, ուստի քաղաքացիներին առաջարկում են նախապես կանխիկացնել իրենց ամբողջ գումարը։ Մարտիրոսյանը զգուշացրել է, որ նման կոչերին հետևելը կարող է շատ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանի ամբողջ բնակչությունը միաժամանակ փորձի կանխիկացնել բանկերում ունեցած իր միջոցները, դա կարող է հենց բանկային համակարգում ճգնաժամային իրավիճակ ստեղծել։ Հետևաբար, մասնագետը հորդորել է չտրվել խուճապին և չտարածել չստուգված տեղեկություններ։
Իսկ ի՞նչ է իրականում կատարվում։ Այս լուրերի տարածման հիմքում, ըստ ամենայնի, միախառնվել են տարբեր իրադարձություններ ու չհաստատված պնդումներ։
Մասնավորապես, ինտերնետի համաշխարհային անջատման մասին հաղորդագրությունները չեն ուղեկցվում որևէ հավաստի ապացույցով կամ պաշտոնական նախազգուշացմամբ։ Տեխնիկական խափանումներ կարող են տեղի ունենալ ինտերնետային ցանցի առանձին հատվածներում կամ առանձին երկրներում, սակայն դա չի նշանակում, որ հնարավոր է միաժամանակ անջատել ամբողջ համաշխարհային ցանցը։
Բանկերի վերաբերյալ տարածվող ահազանգերն էլ չեն հաստատում, թե ամբողջ ֆինանսական համակարգին վտանգ է սպառնում։ Առանձին բանկերում կարող են իրականացվել պլանային տեխնիկական աշխատանքներ, որոնց ընթացքում որոշ ծառայություններ ժամանակավորապես սահմանափակվում են։ Սակայն նման աշխատանքները պետք չէ շփոթել բանկային համակարգի փլուզման կամ բոլոր հաշիվների հասանելիության կորստի հետ։
Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Meta-ի՝ օգտատերերի անձնական տվյալներն օգտագործելու վերաբերյալ տարածվող գրառումներին։
Մանրամասները՝ տեսանյութում․




























