Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ԱԺ-ն պատրաստվում է ղեկավար ընտրել. ինչո՞ւ են շտապում արցախցիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը օգոստոսի 18-ին, Երևանի Նաիրի Զարյան 17Ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում նախատեսվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի և պատգամավորների քննարկումը։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ քննարկման հիմնական հարցը Արցախի Ազգային ժողովի նախագահի և նախագահի տեղակալի ընտրությունն է։ Մեր տեղեկություններով՝ քննարկման ընթացքում պատգամավորները կքննարկեն նաև համապատասխան պաշտոններում թեկնածուների առաջադրման և ընտրության հարցերը։

Արցախի քաղաքական շրջանակներում քննարկվում է նաև ավելի լայն հարց՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի վերաբերյալ։ Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ նախագահի և նրա տեղակալի ընտրությունից հետո կարող է քննարկվել նաև Արցախի նախագահի ընտրության հարցը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախի պատգամավորների շրջանում այս գործընթացի շտապողականությունը պայմանավորված է նաև Հայաստանի քաղաքական և սահմանադրական գործընթացների վերաբերյալ առկա մտահոգություններով։ Մասնավորապես՝ քննարկվում է այն հարցը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հնարավոր փոփոխությունների պարագայում անհրաժեշտ կլինի վերագնահատել Արցախի Հանրապետության պետական կառույցների հետագա գործունեության իրավական և քաղաքական հիմքերը։

Արցախցիների շրջանում քննարկման առանձին պատճառ է դարձել նաև Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հարցի վերաբերյալ վերջին դիրքորոշումը։

Մասնավորապես, արցախցիների շրջանում մտահոգություն է առաջացրել 2026 թվականի օգոստոսի 8-ի՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրման մեկ տարվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը, որում, ըստ նրանց գնահատականի, Արցախի և արցախցիների վերադարձի հարցը առանձին անդրադարձի չի արժանացել։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղությունը կպահպանվի, եթե երկկողմ չքննարկվի վերադարձի հարցը։

Ուստի, արցախցի պատգամավորների շրջանում, ըստ մեր տեղեկությունների, մտահոգություն կա, որ խաղաղության օրակարգի առաջմղմանը զուգահեռ կարող է աստիճանաբար դուրս մղվել Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ վերադարձի իրավունքի հարցը։

Հատկանշական է, որ Փաշինյանը նախկինում վերադարձի թեման բնորոշել է որպես խաղաղության համար վտանգավոր և վնասակար՝ պնդելով, որ դրա երկկողմ քննարկումը կարող է նոր լարվածության աղբյուր դառնալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։

Այս պայմաններում Արցախի Ազգային ժողովի ղեկավար կազմի ձևավորման հարցը կարող է ունենալ ոչ միայն ներքին կազմակերպական, այլև քաղաքական նշանակություն։

ArmLur.am-ը կշարունակի հետևել գործընթացին և կներկայացնի, թե ինչ որոշումներ են ընդունվել Արցախի պատգամավորների քննարկման արդյունքում, ինչպես նաև՝ արդյոք օրակարգում ներառվել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցը։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս