Armenian text to speach

Ո՞վ է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Արմեն Հայրապետյանը և ի՞նչ ունեցվածք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց ֆինանսական թափանցիկության ուսումնասիրության շրջանակում  «Ժողովուրդ» օրաթերթը  այս անգամ անդրադարձել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Արմեն Հայրապետյանին, փորձելով հասկանալ, թե ինչ ճանապարհ է անցել նա մինչև այս պաշտոնը և ինչ ունեցվածք ունի։

Ով է Արմեն Հայրապետյանը

Արմեն Հայրապետյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 12-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ 1992 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։

Նրա աշխատանքային գործունեությունը հիմնականում կապված է եղել ֆինանսական և տնտեսական ոլորտի պետական կառավարման հետ։ 1994-1998 թվականներին աշխատել է «Հայխնայբանկի» Արարատի բաժանմունքի վարկային բաժնում՝ որպես ավագ տնտեսագետ։

1998 թվականին տեղափոխվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, որտեղ զբաղեցրել է պետական բյուջեի եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության բաժնի պետի պաշտոնը։ 1999-2000 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վարչության պետ։

2000-2002 թվականներին շարունակել է աշխատել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության համապատասխան վարչության պետ։

2002-2008 թվականներին ղեկավարել է նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչությունը։ Նույն պաշտոնը զբաղեցրել է նաև 2008-2014 թվականներին՝ արդեն ՀՀ ֆինանսների նախարարությունում։

2014 թվականին նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ։ 2014-2015 թվականներին եղել է մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2015-2016 թվականներին՝ վարչության պետ։

2016-2023 թվականներին Արմեն Հայրապետյանը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին եղել է ֆինանսների նախարարի խորհրդական։

Նույն թվականի ընթացքում նա նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2024 թվականը։

2024 թվականի դեկտեմբերի 2-ին Արմեն Հայրապետյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական։

Ինչ ունեցվածք ունի նա

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբում նա ունեցել է երկու անշարժ գույք։ Դրանցից մեկը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն է՝ հողամասով և տնտեսական շինություններով։ Գույքը ձեռք է բերել 2006 թվականի ապրիլի 21-ին։

Մյուսը Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանն է, որը ձեռք է բերել 2021 թվականի դեկտեմբերի 3-ին։

2025 թվականի ընթացքում նա նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույքերից որևէ մեկը չի օտարել։

Տրանսպորտային միջոցներից Հայրապետյանը հայտարարագրել է 2013 թվականի արտադրության Lexus ավտոմեքենա։ Այն ձեռք է բերել 2020 թվականի մարտի 21-ին։ 2025 թվականին մեքենայի հետ կապված փոփոխություն չի եղել։

Կանխիկը նվազել է 5 մլն դրամով

Կանխիկ դրամի մասով Արմեն Հայրապետյանը 2025 թվականի սկզբում հայտարարագրել է 12 մլն 530 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 7 մլն 530 հազար դրամ։

Այսինքն՝ տարվա ընթացքում նրա հայտարարագրած կանխիկ միջոցները նվազել են 5 մլն դրամով։

Ավելի քան 18 մլն դրամ եկամուտ

2025 թվականին Արմեն Հայրապետյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 18 մլն 148 հազար 643 դրամ։

Դրանից 15 մլն 644 հազար 932 դրամը աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ են՝ վարչապետի աշխատակազմից։

Եվս 2 մլն 503 հազար 711 դրամը կազմել է եկամտային հարկի վերադարձը։

Հայտարարագրում առկա է նաև 23 մլն 88 հազար 735 դրամի վարկի մայր գումարի մնացորդ։ Վարկը ներկայացված է որպես բնակարանի հետ կապված վարկ։

Ծախսերի մասով Արմեն Հայրապետյանը հայտարարագրել է 2 մլն 503 հազար 711 դրամի ուսման կամ այլ դասընթացների համար կատարված ծախս։

Սոնա Գրիգորյան

 

 

 




Լրահոս