Armenian text to speach

Ո՞վ է փոխվարչապետի խորհրդական Ռուզաննա Վարդանյանը  և ի՞նչ ունեցվածք ունի նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը փորձել է ուսումնասիրել, թե ով է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Ռուզաննա Վարդանյանը, ինչ ճանապարհ է անցել պետական համակարգում և ինչ ունեցվածք է հայտարարագրել 2025 թվականի համար։

Ռուզաննա Վարդանյանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 28-ին Երևանում։ 1984-1990 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ Նրա կենսագրությունը ցույց է տալիս, որ նա տարիներ շարունակ աշխատել է պետական կառավարման համակարգում։

1990-1994 թվականներին Վարդանյանն աշխատել է Երևանի Վ. Բելինսկու անվան միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցչուհի։ 1994 թվականին աշխատանքի է անցել ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում՝ որպես մասնագետ։

1994-2014 թվականներին նա աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությունում՝ առաջատար և գլխավոր մասնագետի, ապա վարչության պետի տեղակալի պաշտոններում։ 2014-2016 թվականներին եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետը։

2016-2020 թվականներին Վարդանյանը եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական դեպարտամենտի տնօրենը։

2020 թվականի հոկտեմբերի 19-ից Ռուզաննա Վարդանյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական։ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում ևս նա նշված է Մհեր Գրիգորյանի գրասենյակի խորհրդականների թվում։

Իսկ ի՞նչ ունեցվածք ունի փոխվարչապետի խորհրդականը։

Ռուզաննա Վարդանյանը 2025 թվականի հայտարարագրում նշել է երկու բնակարան Երևանում։ Դրանցից մեկի նկատմամբ նրա բաժինը 1/6 է, իսկ մյուս բնակարանը նրա միանձնյա սեփականությունն է։ 2025 թվականին նոր անշարժ գույք նա չի ձեռք բերել և չի օտարել։

Փոխարենը՝ 2025 թվականի հունվարի 8-ին Վարդանյանը 10 մլն 700 հազար դրամով ձեռք է բերել 2024 թվականի արտադրության BYD մակնիշի ավտոմեքենա։ Տարվա վերջում մեքենան մնացել է նրա սեփականության ներքո։

Վարդանյանի բանկային ավանդների մասով տարվա սկզբին առկա է եղել 9 մլն դրամ և 14 հազար ԱՄՆ դոլար։ Տարվա վերջում 1 մլն դրամի ավանդը պահպանվել է, 8 մլն դրամի ավանդը զրոյացվել է, իսկ դոլարային ավանդը մնացել է 14 հազար դոլար։

Բանկային հաշվի մնացորդը տարվա ընթացքում զգալիորեն ավելացել է․ եթե տարվա սկզբին այն կազմել է 2 մլն 745 հազար 834.6 դրամ, ապա տարեվերջին հասել է 10 մլն 132 հազար 566.2 դրամի։

Փոփոխություն է եղել նաև կանխիկ գումարի մասով։ Տարվա սկզբին Վարդանյանն ունեցել է 2 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 4 հազար ԱՄՆ դոլար և 1 հազար եվրո։

2025 թվականին նրա ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 14 մլն 377 հազար 967.4 դրամ։ Դրանից 14 մլն 78 հազար 425 դրամը աշխատանքի վարձատրությունն է՝ վարչապետի աշխատակազմից։

Բացի աշխատավարձից, նա «Ակբա բանկից» ստացել է 40 հազար 536.9 դրամ միանվագ վճարներ, նույն բանկից՝ 38 հազար 5.5 դրամ տոկոսային եկամուտ, իսկ «Արդշինբանկ» ՓԲԸ-ից՝ 221 հազար դրամ տոկոսներ և այլ հատուցումներ։

Սոնա Գրիգորյան

 

 




Լրահոս