ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Համլետ Սահակյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ։
Իսկ ո՞վ է նա ։
Համլետ Սահակյանը ծնվել է 1982 թվականի հունիսի 16-ին։ 1999-2004 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով տնտեսագետի որակավորում՝ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ։
Սահակյանը նաև ՀՀ Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից որակավորված փորձագետ հաշվապահ և աուդիտոր է։
Նրա աշխատանքային գործունեությունը սկսել է 2004 թվականին՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում որպես հաշվապահ։ 2006-2024 թվականներին աշխատել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ում՝ որպես հարկային ծառայության ղեկավար։
2024 թվականի ապրիլի 2-ից Համլետ Սահակյանը զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։
Բացի հիմնական աշխատանքից՝ Սահակյանը գործունեություն է ծավալել նաև հարկային և աուդիտի ոլորտներում։ Նա հարկային խորհրդատու է եղել PwC Armenia-ի Լավ կառավարման ծրագրի շրջանակում, ինչպես նաև խորհրդատու՝ Համաշխարհային բանկի STAPL ծրագրի շրջանակում։
Սահակյանը դասընթացավար է եղել Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում, Հայ-Ռուսական համալսարանում՝ «Հարկեր» առարկայից, և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ «Հարկային հաշվառում» առարկայից։
Վարչապետի N 888-Ա որոշմամբ՝ Համլետ Սահակյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ անդրադարձել էր նաև Համլետ Սահակյանի հայտարարագրած ունեցվածքին։ Նրա ունեցվածքին կարող եք ծանոթանալ այստեղ։
Սոնա Գրիգորյան




























