Առողջապահության նորանշանակ փոխնախարար Շահանե Մնացականյանը մասնագիտությամբ բժիշկ է, հանրային առողջապահության մասնագետ և առողջապահության կառավարման ոլորտի փորձառու մասնագետ։ Մինչ նոր պաշտոնում նշանակվելը նա տարբեր տարիներին աշխատել է առողջապահության համակարգում՝ այդ թվում «Ուիգմոր Քլինիք»-ում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակում և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում։
Մնացականյանը ծնվել է 1989 թվականի հուլիսի 10-ին Երևանում։ 2006-2013 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ապա նույն բուհում ստացել է հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան։ 2015-2017 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետում՝ ստանալով հանրային առողջության մագիստրոսի աստիճան։ 2020-2021 թվականներին ավարտել է Հարվարդի բժշկական դպրոցի «Անվտանգություն, որակ, ինֆորմատիկա և առաջնորդություն» հետբուհական հավաստագրման ծրագիրը, իսկ 2024-2025 թվականներին Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում սովորել է «Համաճարակաբանություն» մասնագիտությամբ և ստացել բժշկի դիպլոմ։
Նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է 2015 թվականից։ 2015-2018 թվականներին Մնացականյանը աշխատել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում՝ որպես որակի ապահովման մենեջեր։ 2018-2020 թվականներին եղել է «Ուիգմոր Քլինիք»-ի որակի մենեջերը, իսկ 2020-2024 թվականներին՝ նույն բժշկական կենտրոնի փոխտնօրենը։ 2022-2025 թվականներին զբաղեցրել է «Ուիգմոր Գրուպ»-ի՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի գործառնական գծով փոխտնօրենի պաշտոնը, իսկ մինչև 2026 թվականը եղել է «Ուիգմոր Քլինիք»-ի տնօրենի պաշտոնակատարը։
2021-2022 թվականներին Մնացականյանը աշխատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակում՝ որպես լաբորատորիայի ազգային խորհրդատու։ 2026 թվականից զբաղեցնում էր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը։
Մնացականյանը զբաղվել է նաև գիտական և դասախոսական աշխատանքով։ 2023-2025 թվականներին դասավանդել է Առաջնորդության և նորարարության ակադեմիայում՝ առողջապահության ոլորտում որակի կառավարման և այլ թեմաներով։ 2017-2019 թվականներին եղել է Ամերիկյան մանրէաբանների ասոցիացիայի Հայաստանի երիտասարդ դեսպանը։ Հեղինակ և համահեղինակ է առողջապահության և վարակիչ հիվանդությունների ոլորտներին վերաբերող գիտական հրապարակումների։
Հատկանշական է, որ առողջապահության փոխնախարար նշանակվելուց քիչ առաջ Մնացականյանը LinkedIn-ում հրապարակել էր «Ուիգմոր»-ին հրաժեշտի գրառում՝ նշելով, որ փակում է իր մասնագիտական կյանքի գրեթե մեկ տասնամյակ ընդգրկած էջը։ Նա գրել էր, որ «Ուիգմոր»-ում անցկացրած ութ տարիներից հեռանում է երախտագիտությամբ և նոր փուլ է սկսում՝ շարունակելու նպաստել առողջապահության որակի, պացիենտների անվտանգության և կազմակերպական արդյունավետության զարգացմանը։
Սոնա Գրիգորյան




























