Գերմանիայում կիրակի օրը կայացած տեղական ընտրությունները վերածվել են ոչ միայն մեկ դաշնային երկրամասի քաղաքական իրադարձության, այլեւ համաեվրոպական նշանակության զարգացումների։ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը պատմական արդյունք է գրանցել Սաքսոնիա-Անհալթում՝ առաջին անգամ Գերմանիայի վերամիավորումից հետո ծայրահեղ աջ համարվող քաղաքական ուժի համար ստեղծելով իշխանության գալու իրական հնարավորություն տարածաշրջանային մակարդակում։
Թեեւ Սաքսոնիա-Անհալթը Գերմանիայի 16 երկրամասերից փոքրերից մեկն է եւ երկրում ընտրողների ընդհանուր թվի համեմատությամբ նրա ազդեցությունը սահմանափակ է, ընտրության քաղաքական նշանակությունը շատ ավելի մեծ է։ AfD-ի հաջողությունը նոր հարված է Գերմանիայի ավանդական քաղաքական ուժերին եւ հերթական ազդանշանը, որ երկրում փոխվում են ընտրողների քաղաքական նախասիրությունները։
Ո՞վ է AfD-ն
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ AfD-ն, ստեղծվել է 2013 թվականին։ Սկզբնական շրջանում կուսակցության հիմնական շեշտադրումը եվրագոտու եւ եվրոպական ինտեգրման նկատմամբ քննադատությունն էր, սակայն հետագայում դրա քաղաքական օրակարգում ավելի մեծ տեղ զբաղեցրին միգրացիայի սահմանափակումը, ազգային ինքնության, անվտանգության եւ Գերմանիայի ինքնիշխանության հարցերը։
Կուսակցությունը Գերմանիայում հայտնի է հատկապես իր խիստ հակամիգրացիոն դիրքորոշմամբ։ AfD-ն հանդես է գալիս Գերմանիա ներգաղթի կրճատման, ապօրինի միգրացիայի դեմ ավելի խիստ միջոցների եւ ազգային պետության դերակատարության ուժեղացման օգտին։
Նրանց քաղաքական հռետորաբանության մեջ առանցքային տեղ ունի նաեւ գերմանական ազգային ինքնության եւ հայրենասիրության թեման։ Սաքսոնիա-Անհալթում կուսակցության նախընտրական կարգախոսներից մեկը եղել է «Ամեն ինչ հնարավոր է» գաղափարը, իսկ ընտրողներին առաջարկվել է կրկին հպարտանալ իրենց երկրով։
Միաժամանակ AfD-ն կոշտ քննադատում է Գերմանիայի քաղաքական «էստաբլիշմենթին»՝ պնդելով, որ ավանդական կուսակցությունները չեն կարողացել լուծել հասարակության առջեւ ծառացած խնդիրները։
Ինչո՞վ է AfD-ն հայտնի
AfD-ի քաղաքականությունը առանձնանում է մի քանի առանցքային ուղղություններով։ Առաջինը միգրացիայի հարցն է։ Կուսակցությունը պնդում է, որ Գերմանիան պետք է սահմանափակի ներգաղթը եւ խստացնի միգրացիոն քաղաքականությունը։
Երկրորդ կարեւոր ուղղությունը Եվրամիության նկատմամբ քննադատական վերաբերմունքն է։ AfD-ն համարվում է եվրասկեպտիկ քաղաքական ուժ եւ հաճախ քննադատում է Բրյուսելի կողմից ընդունվող որոշումները՝ առաջնային համարելով Գերմանիայի ազգային շահերն ու ինքնիշխանությունը։
Երրորդ ուղղությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի հարցն է։ AfD-ն դեմ է Ուկրաինային Գերմանիայի կողմից ռազմական օգնության շարունակական տրամադրմանը, հանդես է գալիս Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման օգտին եւ կողմ է ռուսական էներգակիրների ներմուծման վերականգնմանը։
Այս դիրքորոշումն առանձնահատուկ նշանակություն ունի Գերմանիայի համար, քանի որ Ռուսաստանի կողմից 2022 թվականին Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմից հետո Բեռլինը հրաժարվեց ռուսական էներգակիրներից, ինչն ազդեց նաեւ գերմանական արդյունաբերության վրա։
Ինչո՞ւ AfD-ի հաղթանակը հատկապես կարեւոր է
Գերմանիայում այս արդյունքը տեղի է ունենում երկրի կենտրոնական իշխանության համար քաղաքական բարդ իրավիճակում։ AfD-ի աճող աջակցությունը լրացուցիչ ճնշում է ստեղծում Բեռլինի իշխանությունների եւ հատկապես կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համար։
Մերցը նախկինում խոստացել էր նվազեցնել AfD-ի ազդեցությունն ու ժողովրդականությունը, սակայն կուսակցության նոր հաջողությունը ցույց է տալիս, որ այդ խնդիրը շարունակում է մնալ չլուծված։
Ստեղծված իրավիճակն առավել ուշագրավ է նաեւ Գերմանիայի պատմական անցյալի պատճառով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից եւ նացիստական ռեժիմի տապալումից հետո Գերմանիայում ծայրահեղ ազգայնական քաղաքականության նկատմամբ վերաբերմունքը առանձնահատուկ զգայուն է։
Գերմանիայի իշխանությունները AfD-ի առանձին կառույցներ, այդ թվում՝ Սաքսոնիա-Անհալթի մասնաճյուղը, դասակարգել են որպես ծայրահեղական բնույթի կառույցներ։ Կուսակցությունը, սակայն, նման բնորոշումները չի ընդունում։
Ինչո՞ւ է Արեւելյան Գերմանիան ավելի շատ աջակցում AfD-ին
AfD-ի աջակցության հիմնական կենտրոններից մեկը Գերմանիայի արեւելքն է։ Այստեղ տնտեսական եւ սոցիալական իրավիճակը երկար տարիներ տարբերվել է երկրի արեւմտյան հատվածից։
Սաքսոնիա-Անհալթը համարվում է Գերմանիայի ամենաաղքատ երկրամասերից մեկը։ Արեւելյան Գերմանիայի որոշ հատվածներում պահպանվում է նաեւ նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ժամանակաշրջանի նկատմամբ կարոտախտը, որը գերմանական քաղաքական բառապաշարում հաճախ անվանում են «Ostalgie»։
Այս միջավայրում AfD-ի հակամիգրացիոն, սոցիալական դժգոհությունների վրա հիմնված եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մեղմացման կողմնակից քաղաքականությունը կարողանում է ավելի մեծ աջակցություն ստանալ։
Կուսակցությունը պնդում է, որ ավանդական քաղաքական ուժերը տասնամյակներ շարունակ չեն կարողացել բավարար չափով արձագանքել հասարակության խնդիրներին՝ սկսած տնտեսական դժվարություններից մինչեւ անվտանգություն եւ միգրացիա։
Ի՞նչ կապ ունի այստեղ Դոնալդ Թրամփը
AfD-ի քաղաքական հռետորաբանության մեջ նկատվում են նաեւ այնպիսի մոտեցումներ, որոնք համեմատվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Make America Great Again» քաղաքական ուղերձների հետ։
Հակամիգրացիոն քաղաքականությունը, «ազգային շահը՝ առաջին հերթին» մոտեցումը, ավանդական քաղաքական էլիտաների քննադատությունը եւ հիմնական լրատվամիջոցների նկատմամբ անվստահության խթանումը այն ուղղություններն են, որոնցում AfD-ի եւ Թրամփի քաղաքական հաղորդագրությունները որոշակի ընդհանրություններ ունեն։
Սաքսոնիա-Անհալթի ընտրությունների արդյունքներին Թրամփը նույնպես անդրադարձել է իր Truth Social հարթակում՝ ցույց տալով, որ Գերմանիայում AfD-ի աճը հետաքրքրություն է առաջացնում նաեւ ԱՄՆ-ում։
Ինչո՞ւ է Ռուսաստանը հետաքրքրված AfD-ի հաջողությամբ
AfD-ի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ եւս կուսակցությանը առանձնացնում է Գերմանիայի հիմնական քաղաքական ուժերից։
Կուսակցությունը դեմ է Ուկրաինային ռազմական օգնության շարունակմանը, ցանկանում է վերանայել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ կողմ է ավելի էժան ռուսական էներգակիրների ձեռքբերմանը։
Հենց այս պատճառով AfD-ի հաջողությանը դրական արձագանքներ են հնչել նաեւ Մոսկվային մոտ կանգնած շրջանակներից։
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը AfD-ի արդյունքը որակել է որպես «պատմական»՝ միաժամանակ քննադատելով Գերմանիայի գործող կառավարությանը։
Ռուսաստանի համար Գերմանիայի քաղաքականության փոփոխությունը կարեւոր է, քանի որ Բեռլինը Ուկրաինային ռազմական եւ ֆինանսական աջակցության գլխավոր եվրոպական կենտրոններից է։ Հետեւաբար, Գերմանիայի ներսում Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխության օգտին հանդես եկող ուժի հզորացումը Մոսկվայում դիտարկվում է որպես դրական զարգացում։
Ա․Վարդանյան




























