Կասել-Կալդեն օդանավակայանում գտնվող պաշտպանական արդյունաբերության Rheinmetall կոնցեռնին պատկանող շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել։ Ոստիկանության նախնական գնահատմամբ՝ հնարավոր է, որ տրանսպորտային միջոցները միտումնավոր են հրկիզվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Միջադեպով զբաղվում է նաև ոստիկանության պետական անվտանգության բաժինը, քանի որ քննիչները չեն բացառում, որ ենթադրյալ հրկիզումը կարող է քաղաքական դրդապատճառներ ունենալ։
Նախկին օդանավակայանի տարածքում ներկայումս նոր արդյունաբերական գոտի է կառուցվում։ Սպառազինություն արտադրող Rheinmetall ընկերությունը նախատեսում է այնտեղ տեղակայել ստորաբաժանումներ, որոնք կզբաղվեն անօդաչու թռչող սարքերի լոգիստիկայով և փոխադրմամբ։
Երբ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, շինարարական երեք մեքենաներ արդեն այրվում էին։ Հրդեհաշիջման ընթացքում վնասվել են նաև մոտակայքում կայանված այլ տրանսպորտային միջոցներ։
Ներկայումս օդանավակայանի տարածքում իրականացվում են դատափորձագիտական աշխատանքներ և հավաքագրվում են ապացույցներ։




























