ArmLur.am-ը ավանդույթին համապատասխան շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոնյաների անցած ուղին և ունեցվածքը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի ունեցվածքը։
Միհրան Խաչատրյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 23-ին Երևանում։ 1984 թվականին ավարտել է Լենինգրադի քաղաքացիական ավիացիայի ակադեմիան՝ ստանալով «Օդային տրանսպորտի շահագործում» մասնագիտությամբ օդաչու-ինժեների որակավորում։
Նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է դեռևս 1973 թվականին՝ Խմելնիցկիի միավորված ավիաջոկատում, որտեղ աշխատել է որպես Ան-2 օդանավի երկրորդ օդաչու, այնուհետև՝ հրամանատար։ Հետագա տարիներին Միհրան Խաչատրյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ հայկական քաղաքացիական ավիացիայի համակարգում՝ աշխատելով Յակ-40 և Տու-154 օդանավերի հրամանատար, հրահանգիչ օդաչու և թռիչքային ջոկատի հրամանատար։
1998-2003 թվականներին աշխատել է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունում, իսկ 2003-2013 թվականներին՝ «Արմավիա»-ում՝ զբաղեցնելով մի շարք ղեկավար և հրահանգչական պաշտոններ։ 2011-2013 թվականներին աշխատել է նաև Լիտվայում՝ որպես «Էյրբաս» տիպի օդանավի վարժասարքի հրահանգիչ։ 2013-2019 թվականներին աշխատել է «Քաթար Էյրվեյզ»-ում՝ որպես վարժասարքի թռիչքների քննող-հրահանգիչ։
2021 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2022 թվականի հունիսի 17-ը Միհրան Խաչատրյանը եղել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ։ 2022 թվականի հունիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։
Ինչ ունեցվածք ունի
2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Միհրան Խաչատրյանի սեփականության տակ տարվա սկզբին և վերջում եղել է մեկ բնակարան Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում։ Բնակարանը ձեռք է բերվել 2023 թվականի ապրիլի 4-ին՝ գնման եղանակով։ Խաչատրյանն ունի նաև 2015 թվականի արտադրության «Toyota» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2020 թվականի փետրվարի 11-ին։
Պաշտոնյայի բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբում կազմել է 1 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 1.2 մլն դրամ։ Այսինքն՝ տարվա ընթացքում բանկային հաշվի միջոցներն ավելացել են 200 հազար դրամով։
Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 500 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 700 հազար դրամ։
18.5 մլն դրամ եկամուտ
Հայտարարագրի համաձայն՝ Միհրան Խաչատրյանը 2025 թվականին ստացել է ընդհանուր 18 մլն 498 հազար 330 դրամ եկամուտ։
Դրանից 16 մլն 890 հազար 330 դրամը կազմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացած աշխատանքի վարձատրությունը, իսկ 1 մլն 608 հազար դրամը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած կենսաթոշակը։
Սոնա Գրիգորյան
























































































