Armenian text to speach

Գազայում բնակելի շենք է փլուզվել․ կան զոհեր, տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի քաղաքում պատերազմի հետևանքով վնասված բազմահարկ բնակելի շենքը սեպտեմբերի 16-ի գիշերը փլուզվել է, ինչի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ հինգ երեխա։ Եվս 14 մարդ վիրավորվել է, իսկ տասնյակ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ։

«Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ փլուզված շենքը նախկինում վնասվել էր իսրայելական հարվածի հետևանքով, ինչի պատճառով կառույցը ճաքեր էր ստացել և դարձել կառուցվածքային առումով անկայուն։

Փրկարարական աշխատանքներին մասնակցում են Գազայի քաղաքացիական պաշտպանության աշխատակիցներն ու տեղի բնակիչները։ Փրկարարները հիմնականում ձեռքով են հեռացնում փլատակները, քանի որ անհրաժեշտ ծանր տեխնիկան և համապատասխան սարքավորումները հասանելի չեն։

Գազայի քաղաքացիական պաշտպանության խոսնակ Մահմուդ Բասալը հայտնել է, որ շենքի փլատակների տակ կարող է գտնվել մոտ 100 մարդ, և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Գազայի քաղաքապետ Յահյա Ալ-Սարաջն էլ հայտարարել է, որ քաղաքապետարանն ու քաղաքացիական պաշտպանությունը բավարար տեխնիկական միջոցներ չունեն փլուզված շենքերում մարդկանց արագ հայտնաբերելու և փրկելու համար։

Գազայի կառավարության լրատվական գրասենյակը միջադեպի պատասխանատվությունը վերագրել է Իսրայելին և միջազգային հանրությանը՝ նշելով, որ շենքը պատերազմի ընթացքում ուղղակի հարվածի էր ենթարկվել, ինչի հետևանքով թուլացել էր դրա կառուցվածքը։

Ըստ «Ալ Ջազիրայի»՝ փլուզման վայրից փրկարարները կարողացել են դուրս բերել նաև ողջ մնացած երեխաների։

Անի Վարդանյան




Լրահոս