«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հետ ստորագրեցինք կարևոր համագործակցության հուշագիր, որով մեկնարկում ենք երկարաժամկետ և ինստիտուցիոնալ գործընկերություն՝ հանուն ՀԱՊՀ-ի զարգացման և մեր ուսանողների ու աշխատակիցների համար ավելի ժամանակակից կրթական միջավայրի ստեղծման։ Այս մասին հայտնում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Մեր առաջին համատեղ նախաձեռնությունը ՀԱՊՀ-ի սպորտային համալիրի վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված նպատակային աջակցությունն է։
1956 թվականին կառուցված մարզահամալիրը վերածվում է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ սպորտային միջավայրի, որտեղ նախատեսվում են՝
- բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտզալի և հանդբոլի մարզասրահներ,
- լողավազան,
- ուժային և կարդիո մարզասրահներ,
- բռնցքամարտի և մարտարվեստների մարզասրահներ,
- ըմբշամարտի մարզասրահ,
- ինչպես նաև ժամանակակից հանդերձարաններ և անհրաժեշտ օժանդակ ենթակառուցվածքներ։
Սա պարզապես մարզադահլիճի վերանորոգում չէ։ Սա ներդրում է մեր համայնքի մեջ։
Մենք ցանկանում ենք, որ ՀԱՊՀ-ում ապագա ինժեները ոչ միայն բարձրակարգ մասնագետ լինի, այլև առողջ, ակտիվ, կարգապահ, թիմում աշխատելու, առաջնորդելու և պատասխանատվություն կրելու կարողությամբ ձևավորված անհատ։
Մեր համոզմամբ՝ ժամանակակից համալսարանը միայն լսարաններ և լաբորատորիաներ չեն։ Ժամանակակից համալսարանը միջավայր է, որտեղ գիտելիքը, գիտությունը, առողջությունը, սպորտը և մարդկային զարգացումը միասին են ձևավորում ապագայի մասնագետին։
Այս համագործակցությամբ մեր ուսանողներն ու աշխատակիցները ստանալու են ավելի բարձրակարգ պայմաններ՝ ֆիզիկական ակտիվության, սպորտով զբաղվելու, առողջ ապրելակերպի և համալսարանական ակտիվ կյանքի համար։
Եվ սա միայն սկիզբն է։
ՀԱՊՀ-ն և «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը նաև կրթության, գիտության, նորարարության, մարդկային կապիտալի և կրթական ենթակառուցվածքների զարգացման այլ ուղղություններով։
Շնորհակալություն «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին վստահության, գործընկերության և ՀԱՊՀ-ի զարգացմանն ուղղված այս կարևոր ներդրման համար։
Կրթելով՝ կառուցում ենք ապագան։
Ներդնելով մարդու մեջ՝ կառուցում ենք երկիրը»։

























































































