Երեկ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում կոշտ քննադատության էր ենթարկել Գոռ Վարդանյանի ֆիլմերից մեկի մի կադրում հնչած արտահայտությունը, որում նշվում է․
«Կարողա՞ դու նիկոլական ես, կարողա՞ ասես Արարատը մերը չի»։
Ալեն Սիմոնյանն այդ կադրը տեղադրել էր իր սոցցանցի էջերում և ֆիլմում հնչող բառապաշարին համարժեք արտահայտություններով, այն է՝ «ով է էդքան պռախոդ տվել», «ԱՍԱ ИЗВИНИ», «գողական ռազբոռկա» և այլն, հեգնական տոնով քննադատում է Գոռ Վարդանյանի ֆիլմերը։

Սրան ի պատասխան, Գոռ Վարդանյանը գրել է․ «Ալեն Սիմոնյա՛ն, լավ կլիներ, որ ժամանակին՝ գոնե մի քանի ամիս հաճախած լինեիք մեր դպրոց մարզվելու, վստահ եմ այլ դաստիարակություն կստանայիք մեր դպրոցում և հիմա կկարողանայիք ձեզ հավասարակշռված պահել։
Գեղարվեստական ֆիլմը դիտեք մինչև վերջ, հասկացեք ֆիլմի իմաստը, մի լսեք ձեր կողքինների ասածները, նրանք ձեզ ծաղրում են, ինքնուրույն մտածեք և մի տրվեք էժանագին մեթոդներին հաճոյանալու համար:
Խորհուրդս ձեզ, դուք պետական բարձր պաշտոն էք զբաղեցնում, խոսելուց առաջ մտածեք նոր արտահայտեք ձեր մտքերը»։

ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերով զբաղվող կառույցի ղեկավարը ֆիլմում հնչող արտահայտությունների քննադատությամբ չբավարարվեց։ Սիմոնյանը Գոռ Վարդանյանի հրապարակմանը կրկին շարունակություն տվեց, այս անգամ քննադատելով Վարդանյանի գրառման տեքստի ուղղագրական սխալները։

























































































